Մատչելիության հղումներ

Բազմանդամ ընտանիքը կարող է մնալ անօթևան


Գարեգին և Գայանե Պողոսյանները 8 անչափահաս երեխաների հետ փողոցում կհայտնվեն, եթե 15 օրից չվճարեն 40 հազար դրամ՝ տան 2 ամսվա վարձը:

Տարիներ առաջ Աշտարակում կիսակառույց կացարան տեղափոխված ընտանիքը պնդում է՝ լույս, ջուր, որևէ հարմարություն չի եղել, սեփական միջոցներով են նորոգել, այսօր սակայն անգամ սրանից կարող են զրկվել․ - «Երեկ է զանգել տանտերը, 15 օր ժամանակ է տվել: Այդ ընթացքում եթե 40 հազարը չտանք, պտի ազատենք բնակարանը»:

31-ամյա երիտասարդ կինն ասում է, որ գնալու տեղ չունեն․ - «Վարձով տները հիմնական չեն տալիս, որովհետև այսքան երեխա․․․ մտածում են՝ կարող ա քանդեն, փչացնեն․․․ Կրիշ լինի՝ անձրևից, քամուց, ցրտից պաշտպանվելու համար»:

Ասում է, որ երբեք վատ կյանքից չեն տրտնջացել, հիմա պարզապես անելանելի վիճակում են․ ընտանիքի միակ աշխատողի՝ Գարեգինի առողջության կտրուկ վատթարացումից հետո ստիպված են ապրել 77.000 դրամ նպաստով, ինչը կոմունալ ծախսերին անգամ չի բավարարում:

Երեխաներից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն: Գայանեի խոսքով՝ բժիշկները հավաստիացրել են, որ 9-ամյա Աննան կարող է կազդուրվել, սակայն երբեմն ոչ միայն դեղերի ու համապատասխան սննդի համար գումար չեն գտնում, այլև չեն կարողանում աղջկան Երևան տանել՝ նշանակված բուժումը ստանալու․ - «Դեղերը չեմ կարում գնել․․․ Սննդակարգ ունի հատուկ, որը չեմ կարողանում հասցնել՝ պանիր ա, կաթնամթերք ա»:

Զրույցի ընթացքում երեխաները, հատկապես մեծերը, ամեն կերպ խուսափում էին իրենց աղքատության մասին խոսել: Ծնողների խոսքով՝ այդ նույն պատճառով ամաչում են նաև դպրոց հաճախել:

«Իմ մեծ ընտանիքը իմ փոքրիկ գաղտնիքն է», - ասաց 14-ամյա Մերին: - «Ես իմ դասարանցիներին չեմ ասում ինչ ընտանիք ունեմ»:

Ծնողների՝ տուն ունենալու երազանքը տարեցտարի հօդս է ցնդում, սակայն երեխաները դեռ լավատես են: 15-ամյա Գոհարը վստահ է, որ կդառնա բժիշկ, շատ փող կաշխատի ու տուն կգնի ընտանիքի համար:

Աշոտն ու Լիանան երազում են նկարիչ դառնալ․ ներկեր, ալբոմներ չունեն, ստեղծագործում են առայժմ պատերի վրա: Իսկ Ալեքսը երազում է երաժշտական դպրոց ընդունվել․ ասել են՝ կընդունեք, երբ դհոլ ունենաս: Առայժմ սեղանի վրա է պարապում:

«Միակ իրականացած երազանքը շատ երեխաներ ունենալն էր», - ծիծաղելով ասում էին ծնողները՝ հպարտությամբ նշելով, որ ապագա 4 զինվոր և 4 մայր են պարգևել հայրենիքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG