Թեև նախորդ տարիների պես 2015-ին ժողովրդի կյանքը բարելավելու խոստումներ չհնչեցին, սակայն սպասվող դժվարությունները հաղթահարելու ծրագրեր էլ չներկայացվեցին։ Կյանքը դժվարանալու է, հաստատեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչպես պետք է բնակչությունը դիմակայի այդ դժվարություններին։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի համաձայն՝ տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում աղքատություն խորանում է, իսկ հարուստների և աղքատների միջև անհավասարության մակարդակը՝ գնալով մեծանում։
Այնուհանդերձ, ըստ Հայաստանի պաշտոնական թվերի, պատկերը ճիշտ հակառակն է։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաշվել է, որ 2010 թվականից ի վեր աղքատների թիվը Հայաստանում նվազում է։ 2014 թվականից աղքատ է բնակչության 30 տոկոսը՝ նախորդ տարվա 32 տոկոսի փոխարեն։
Ըստ ԱՎԾ-ի՝ եթե ամեն ամիս անձը ծախսում է 40 264 դրամից ավելի, ապա նա աղքատ չէ։ Ուշագրավ է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է համարում 40 հազար դրամը, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում գրեթե 58 հազար դրամ է։