Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանը այսօր կրկին դատարանում էր


Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով մահապատժի, իսկ ավելի ուշ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը շուրջ 20 տարի կալանավայրում պատիժ կրելուց հետո այսօր կրկին դատարանում էր:

Դատապարտյալը բողոքարկում է կալանավայրում հեռախոս ունենալու համար 5 տարի առաջ նշանակված վարչական երկու տույժերը, ինչի պատճառով այժմ քրեակատարողական հիմնարկը չի քննարկում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը:

Մկրտչյանը դատարանում զարմանք հայտնեց՝ մի՞թե մոր հետ շփումը զանցանք է:

«Իրավախախտում չեմ կատարել, բան չեմ արել: Իմ ընտանիքի հետ եմ շփվել, ես չէի կարող չշփվել: Մորս թող բացատրեն, որ նախագահականի մոտ արդեն ինքնահրկիզման փորձ էր անելու: Ես չեմ կարա չշփվեմ իմ ծնողի հետ, որ ինքը լսի՝ ես լավ եմ, լսի, որ ամեն ինչ նորմալա գոնե», - ասաց Մկրտչյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ կալանավորները կարող են օգտվել միայն զանգելու վճարովի հնարավորությունից:

Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտարարեց, որ անհասկանալի է, թե ինչպես կարող է թմրանյութ կամ զենք պահելը նույնացվել բջջային հեռախոս պահելու հետ, այն դեպքում, երբ դատապարտյալն ինքնակամ է հանձնել հեռախոսը՝ կալանավայրի աշխատակիցներից երաշխիքներ ստանալով, որ տույժի չի ենթարկվի:

«Եթե իմ վստահորդը չհանձներ, հնարավոր էր՝ այդ հեռախոսը չհայտնաբերվեր, կամ հայտնաբերվելու դեպքում նույնիսկ չապացուցվեր, որ իրենն է», - նկատեց Ռևազյանը:

Ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանը նախաքննության ժամանակ տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է և իրեն խոշտանգելով են ստիպել մեղքն ընդունել: Ըստ Մկրտչյանի, իր 5 համածառայակիցներին սպանել են 3 անծանոթներ, որոնք դիրքեր էին եկել զենք գնելու նպատակով:

«Հանդիպեք տուժողներին, տուժողների ներկայացուցիչներին, ում էրեխեքին սպանել են: Ասեք՝ Արթուրնա՞ սպանել ձեր էրեխեքին: Տեսեք՝ ինչ են պատասխանում», - իր խոսքում ասաց Մկրտչյանը:

Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, երկու տարի առաջ «Հետքին» տված հարցազրույցում խոսելով Մկրտչյանի գործից, հաստատել էր, որ դեպքի վայրում այլ անձինք են եղել, հավելելով․ - «Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում...»:

Ջհանգիրյանի հայտարարության հիման վրա Մկրտչյանը դիմել էր դատախազություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքով գործը վերաբացելու համար, դիմումը, սակայն մերժվել էր:

XS
SM
MD
LG