Շուրջ 20 տարի ազատազրկված, ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ դիմումն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հրավիրված դատական նիստին չքննարկվեց․ կալանավայրի միակ դահլիճը ոչ բարվոք վիճակում էր:
Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997-ին մահապատժի, իսկ ավելի ուշ՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մկրտչյանը լրագրողներին ասաց՝ ազատման մեծ սպասելիքներ չունի:
«Ամենամեծ վախը որ ունեն՝ ազնիվ լինելն է: Վախենում են ազնիվ լինել, դա է», - հայտարարեց նա:
Երբ դատապարտյալը սկսեց մանրամասներ պատմել քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ հանդիպումից՝ ուղեկցող ոստիկանները նրան հեռացրին:
Դատապարտյալը բողոքարկում է հեռախոս ունենալու համար 5 տարի առաջ նշանակված վարչական տույժը, ինչի պատճառով այժմ քրեակատարողական հիմնարկը չի քննարկում վաղաժամկետ ազատ արձակման նրա դիմումը:
Ցմահ դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ իրենք հնարավոր է՝ մինչև Սահմանադրական դատարան հասնեն:
«Ի՞նչ է նշանակում բջջային հեռախոս ունենալու տույժը, երբ անձը ինքնակամ է հանձնել: Դա դիտել խոչընդոտ, որ 20 տարի հետո չվերանայես անձի վաղաժամկետ ազատ արձակման հարցը՝ դա աբսուրդ է», - հայտարարեց Ռևազյանը:
Փաստաբանի խոսքով՝ արդեն կա տասը ցմահ դատապարտյալ, որոնք 20 տարուց ավելի պատիժ են կրում, որևէ մեկի դեպքում վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը դեռ չի գործել․ - «Չկա որևէ մի դեպք, որ կարող եմ մատնանշել, որ ցմահ դատապարտյալ անձը վաղաժամկետ ազատ է արձակվել: Այնինչ, միջազգային չափորոշիչներով` եթե նույնիսկ անձը ցմահ դատապարտված է, դա չի նշանակում, որ ինքը պետք է ցմահ կրի: Ինքը պետք է ունենա հնարավորություն վաղաժամկետ ազատ արձակվելու, այլապես դա գնահատվելու է որպես անմարդկային վերաբերմունք»:
Ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանը նախաքննության ժամանակ տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է և իրեն խոշտանգելով են ստիպել մեղքն ընդունել: Ըստ Մկրտչյանի, իր 5 համածառայակիցներին սպանել են 3 անծանոթներ, որոնք դիրքեր էին եկել՝ զենք գնելու նպատակով:
Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը երկու տարի առաջ «Հետքին» տված հարցազրույցում, խոսելով Մկրտչյանի գործից, հաստատել էր, որ դեպքի վայրում այլ անձինք են եղել, հավելելով․ - «Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»:
Ջհանգիրյանի հայտարարության հիման վրա Մկրտչյանը դիմել էր դատախազություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքով գործը վերաբացելու համար, սակայն դիմումը մերժվել էր:
19 տարեկանից ազատազրկված Մկրտչյանի հոր խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարել որդու ազատման համար:
«20 տարի է՝ պայքարում ենք, էլի կպայքարենք: Ուղղակի չգիտեմ՝ ինչ-որ բան կարող է փոխվի ընթացքում», - ասում է Համբարձում Մկրտչյանը: