Տասնյակ ակտիվիստներ այսօր Գլխավոր դատախազության դիմաց պահանջեցին ազատ արձակել տոնածառ տեղադրելու ակցիայից հետո ազատազրկված Գևորգ Սաֆարյանին, ով մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Ոստիկանները, որ թվով ցուցարարներից մի քանի անգամ ավելի էին, պատնեշ էին կազմել և թույլ չէին տալիս անցնել դատախազության մայթ։ Մոտ 30 րոպե դատախազության ներկայացուցչին էին սպասում, բայց ոչ ոք դուրս չեկավ շենքից։
Ի վերջո, ոստիկանների առաջարկով «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանը հայտարարություն-պահանջը փոխանցելու համար մտավ Գլխավոր դատախազություն։ Վերադառնալով՝ պատմեց, որ իրեն ընդունել է «ընդամենը ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ», ով իրավասու չի եղել իր որևէ հարցի պատասխանել:
Եղիազարյանը ասաց, որ դատախազությանը փոխանցած հայտարարության մեջ փաստեր են ներկայացրել, որոնց հիման վրա Գևորգ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի, իսկ ոստիկան Գեղամ Խաչատրյանը և մի շարք այլ իրավապահներ՝ պատասխանատվության ենթարկվեն։ Ազատազրկված ակտիվիստը պնդում է, որ հենց ոստիկաններն են իր դեմ բռնություն կիրառել։ Հույսեր նամակի հետ չեն կապում, բայց այս ձևով ճնշում են իշխանությանը։ «Նոր Հայաստանի» անդամի խոսքով՝ ցույցերի շարունակականության միջոցով է, որ Գևորգ Սաֆարյանի հանդեպ ճնշումները քրեակատարողական հիմնարկում քչացել են։
«Համոզված եմ, որ հենց որ դրսից ճնշումները թուլանան, այսինքն նրանք մտածեն, որ՝ ամեն ինչ նորմալ է, արդեն ժողովուրդը հոգնել է, նրանք կանեն իրենց սև գործը, ես դրանում համոզված եմ: Եվ դա նույնպես ստիպում է մեզ, որ մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը, պարտավորեցնում է, որ լինենք այստեղ և լինենք հետևողական», - նաև ասաց Գագիկ Եղիազարյանը:
Ակտիվիստի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու ուղղությամբ։