Փաստաբան Տիգրան Հայրապետյանը վերաքննիչ ատյան էր ներկայացրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության և Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները․ - «Դա էլ տվեցինք դատարանին: Գնաց, եկավ․․․ հինգ րոպե հետո մերժեց»:
Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնված էր այն փաստի վրա, որ նախկինում եղել է հարուցված քրեական գործ:
Հայրապետյանն այսօր տեղեկացել էր, որ նաև դատախազ Գևորգ Կոստանյանն է մերժել Սաֆարյանի միջնորդությունը․ - «Բոլոր պետական մարմինների կողմից ունենք, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բոլոր միջնորդություններն ու բողոքները մերժվեց: Կդիմենք գրավ կիրառելու համար: Եթե գրավն էլ մերժվի, մեր կարծիքով, պետք է դիմել միանգամից Եվրոպական դատարան: Էլ չգնալ բոլոր ատյաններով ու սպասել, թե ինչ անհեթեթ որոշումներ կարող ենք ստանալ»:
Դատարանի առջև բողոքի ցույցին մասնակցող Ժիրայր Սեֆիլյանին Վերաքննիչի որոշումը չզարմացրեց․ - «Երկար տարիներ բոլորիս համար պարզ է, որ մեր երկրում անկախ դատարան գոյություն չունի: Դատավորը սպասում է հրամանի և կատարում է վերևից եկած առաջադրանքը: Գևորգին բանտարկել են քաղաքական դրդապատճառներով»:
Ընդդիմադիր գործիչը համոզված է, որ Գևորգը հատուկ է հայտնվել իրավապահների թիրախում․ - «30-ական թվականների գործելաոճ է: Սովետը իբրև թե գոյություն չունի, բայց Կա-Գե-Բեն մնում ա մեր երկրում: Նույն կոնտեքստում ինձ որ պարբերաբար կանչում են Քննչական, սպառնում եմ և այլն, նպատակը մեկն է՝ ոչ թե ինձ վախեցնել, ոչ թե Գևորգին վախեցնել, այլ մեր շրջապատին վախեցնել»:
Ոստիկանին հարվածելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Սաֆարյանն ինքն է ընկերների հետ հանցագործության մասին հաղորդում տվել՝ պնդելով, որ ամանորի գիշերը ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Ի տարբերություն ակտիվիստի դեմ հարուցված գործի, այս մեկով դեռ որևէ մեղադրյալ չկա:
Միջադեպից մեկ շաբաթ անց միայն դատաբժշկական փորձաքննության ենթարկված Վահրամ Պետրոսյանը տուժող չի ճանաչվել՝ մնալով վկայի կարգավիճակում:
«Երբ որ ոստիկանները հարձակվում են մեր վրա, իրենք հարվածում են մեզ, ձերբակալում են մեր ընկերոջը, մի գործը շատ արագ քննում են, արագ որոշումներ են կայացնում, մյուսը ուղղակի աչքաթող են անում, միտումնավոր ձգձգում են․․․ Ուղղակի վերջում կկարճեն գործը: Ակնհայտ չեն ուզում որևէ մեկին պատժած լինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:
Դեպքից 20 օր անց դեռ չի բացահայտվել, թե ովքեր էին ծեծի ենթարկել «Նոր Հայաստան»-ի համակիր Սյուզի Գևորգյանին: Վերջինս «Ազատությանն» ասաց․ - «Այդքան տեսախցիկ նկարահանում է այդ տարածքը․․․ ըստ դրանց, ինձ թվում է, շատ հեշտ է»:
Նա նորից է բարձրաձայնում հետապնդումների մասին․ ասում է, որ բակում անընդհատ նույն մարդկանց է տեսնում, նաև հետևից են գնում․ - «Ինչ-որ բան են նորից ուզում պատրաստել»:
Իրավապահները դեռ շարունակում են քննությունը՝ հայտնաբերելու «Նոր Հայաստան»-ի մեկ այլ ակտիվիստ՝ 16-ամյա Հովհաննես Հարությունյանի դեմ բռնության հեղինակներին: Հովհաննեսը պնդում է, որ հանցագործներին գտնելու փոխարեն ոստիկաններն իրեն են այցելում․ - «Նրանց մի հատ սպա ինձ ասեց՝ ես գիտեմ, դու խաբում ես․․․ Նրանք փորձում են ինձ վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի ես ասեմ այնպիսի բան, որը տեղի չի ունեցել»:
Ոստիկանությունից, մինչդեռ, առհասարակ հերքեցին, թե երեկ Հովհաննեսին բաժին տանելու փորձ է եղել: