Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ


Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ «պարզապես չկան»։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի տեսել ամանորի գիշերվա կադրերը, բայց պնդում է՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ։ Այդ մասին նախարարը հայտարարեց «Ազատության» հետ զրույցում։

«Ազատություն»․ - Գևորգ Սաֆարյանը քաղաքակա՞ն բանտարկյալ է։

Հովհաննիսյան․ - Բնականաբար՝ ոչ։

«Ազատություն»․ - Դուք տեսե՞լ եք ամանորի գիշերվա կադրերը՝ այնտեղ ոստիկանական բռնություն տեսե՞լ եք։

Հովհաննիսյան․ - Ճիշտն ասած չեմ տեսել, երբ տեսնեմ՝ բնականաբար գնահատական կհնչեցնեմ։

«Ազատություն»․ - Իսկ Ձեզ չի՞ հետաքրքրում, որպես արդարադատության երաշխավորի, երբ բարձրաձայնում են, որ ոստիկանները ծեծել են մարդուն ամանորի գիշերը։

Հովհաննիսյան․ - Ես տեսանյութերը չեմ նայել։ Երբ կոնկրետ իրավիճակում կհայտնվեն իմ իրավասության շրջանակներում, բնականաբար, դա ինձ կհետաքրքրի։ Ինձ, իհարկե, դա հետաքրքրում է և չի կարող չհետաքրքրել, բայց կոնկրետ այս դեպքում, եթե ես տեսանյութը չեմ դիտել, զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց։

«Ազատություն»․ - Իսկ որտեղի՞ց գիտեք, որ նա քաղաքական բանտարկյալ չէ։

Հովհաննիսյան․ - Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան, և տեսանյութը չէ այն չափանիշը, որով ես կարող եմ անմիջապես եզրահանգում անել՝ քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։

«Ազատություն»․ - Ի՞նչն է, այդ դեպքում, չափանիշը։

Հովհաննիսյան․ - Պատասխանեցի արդեն Ձեր հարցերին։ Դուք, ըստ էության, գործի մանրամասների մասին եք ուզում խոսել, ինչից ես տվյալ պարագայում զերծ եմ մնում։

Արդարադատության նախարարը կտրականապես հերքեց նաև, որ իր ենթակայության տակ գտնվող կալանավայրում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություններ են գործադրվել։ Ընդդիմադիր ակտիվիստը հայտարարել էր, թե իր հետ միտումնավոր նույն խուց են տեղափոխել քրեական տարրերի։

Հովհաննիսյան․ - Ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ և շատ լավ տեղեկացված եմ յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել։ Անձնական հսկողության տակ է այդ ամենը։ Ստուգումներ եղել են, որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել, որոշակի դժգոհություններ եղել են սկզբում խցի հետ կապված։ Այնուհետև, երբ թե՛ դիտորդական խումբը նրան այցելել է, թե՛ իրավապաշտպան կազմակերպություններ նրա հետ զրուցել են, նա այդ պահի դրությամբ, երբ եղել է խցում, ասել է, որ այդ պահին ամեն ինչ իր մոտ նորմալ է և եթե այդպես ամեն ինչ լինի, որևէ խնդիր չի լինի։ Եվ մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, որևէ դժգոհություն այլևս չկա։

«Ազատություն»․ - Այստեղ խնդիրն այն է, որ հացադուլի խուց էլ են գալիս այդ քրեական տարրերը, ասում են, և իրեն նեղացնում են այնտեղ։

Հովհաննիսյան․ - Ոչ։ Երբ հացադուլ է հայտարարել, տեղափոխվել է խուց, որտեղ գտնվում են այլ հացադուլ հայտարարած անձինք։ Ես որակումներ, պիտակներ և այլն․․․ այսպիսի քայլերից զերծ կմնայի և կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։

«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ նա բռնաճնշումների է ենթարկվել։

Հովհաննիսյան․ - Ես ասում եմ այն, ինչ տեղյակ եմ՝ որևէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ որևէ ձևով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է՝ Գևորգ Սաֆարյանին սպառնացող վտանգի մասին ահազանգեր հնչում էին կալանավայրում հայտնվելու հենց առաջին օրից, մինչև բանը հասավ բռնության։

«Արփինե Հովհաննիսյանի գիտությամբ, տեղեկացված լինելով ահազանգին, իր անձնական հսկողության տակ գտնվող վայրում տեղի է ունեցել այդ բռնությունը, և ակնհայտ սուտ հայտարարություններ է անում նախարարը», - պնդեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը տարակուսած էր՝ ինչպես է նախարարը վկայակոչում իրավապաշտպաններին, եթե հենց նրանք են հաստատել բռնության փաստը․ - «Արփինե Հովհաննիսյանը հենց առաջին պահից է ցույց տվել, որ ինքը այս համակարգի անբաժանելի մասնիկն է և փրկելու է համակարգը, համակարգի կողքն է կանգնելու և ոչ թե մարդու, ով քրեակատարողական հիմնարկում բռնության է ենթարկվում։ Համոզված եմ, որ տեսանյութերն էլ է դիտել, տեղյակ է եղել, բայց այսպես ասած՝ ՀՀԿ-ական գիծը ավելի վեր է օրենքից, և դրա համար նա հենց այդ գիծն է պահում»։

«Նոր Հայաստան»-ում զարմացած չեն Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններից: Արմեն Մարտիրոսյանը, ով հենց իր ձեռքում էր պահել արհեստական եղևնին Նոր տարվա գիշերը, հրապարակի ամբիոնից այսօր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գնահատականը մատնացույց արեց արդարադատության նախարարին․- «Մենք այստեղ հունվարի 1-ին չկարողացանք 1 մետրանոց արհեստական տոնածառ մեր ձեռքում պահել, նույնիսկ ոչ թե տեղադրել։ Մենք չենք կարողանում գոնե 1 վրան տեղադրել գիշերային հերթապահությունների համար այս ցուրտը նաև նկատի ունենալով՝ մեզ արգելում են դա։ Բայց երեկ ամբողջ Ազատության հրապարակը մեքենաներով լցված էր։ Այս հրաշագեղ արձանը Թումանյանի շրջապատված էր ամբողջովին մեքենաներով։ Այսինքն իրավական անհամաչափությունը այնքան ակնհայտ է, որ արդարադատության նախարարի այդ հայտարարության վրա չպետք է զարմանանք ընդհանրապես»։

Արփինե Հովհաննիսյանը, ի դեպ, անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ձեռնարկելու է արմատական փոփոխություններ քրեակատարողական հիմնարկներում՝ օրինակ պաշտոնանկություններ՝ հաշվի առնելով, որ միայն վերջին շաբաթներին չորս բանտարկյալ է, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղել․ - «Պաշտոնական տեղեկատվությունը, հավաստիացնում եմ Ձեզ, ոչ պաշտոնականից չի տարբերվում։ Սա առաջին։ Եվ երկրորդ՝ կարծում եմ, որ թեև, իհարկե, մտահոգիչ է այդպիսի փաստերի արձանագրումը ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետ կապված պիտի քննություն իրականացվի։ Այսինքն՝ հիմա բոլորը համահարթեցման սկզբունքով մեկնաբանություն տալ ուղղակի ոչ կոռեկտ կլինի, ոչ էլ պրոֆեսիոնալ»։

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն ու 4 ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Սաֆարյանին ձերբակալեցին, մնացածին ազատ արձակեցին։

Հունվարի 3-ին Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրվեց, նա երկու ամսով կալանավորվեց:

Կալանավորումից հետո Սաֆարյանը պարբերաբար հայտարարում է իր նկատմամբ ճնշումների մասին։

XS
SM
MD
LG