Ոստիկանի դեմ բռնության մեղադրանքով կալանավորված Գևորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մոտ։
Խումբը իր հաղորդագրությունում տեղեկացնում է, որ Սաֆարյանի հետ հանդիպել են հունվարի 21-ին երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում՝ ահազանգ ստանալուց հետո։
«2016 թվականի հունվարի 22-ին Խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ։ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։ Դիտորդական խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության և մեկնաբանության բովանդակությունները»,- ասված է դիտորդական խմբի հայտարարությունում։