Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Կալանավայրում բռնությունների մասին բարձրաձայնող Գևորգ Սաֆարյանին երեկ երեկոյան տեղափոխել են առանձին խուց:

Ընդդիմադիր ակտիվիստին քիչ առաջ տեսակցած փաստաբան Տիգրան Հայրապետյանը փոխանցեց, որ այդուհանդերձ, Գևորգին սպառնացող վտանգը վերացված չէ։

«Էդ խուցը էլի ոնց որ գտնվում է հանցագործ աշխարհի ազդեցության մեջ։ Ինքը էլի առանձին խցում եղել է, որտեղ պատահական երեկոյան բերել են այլ անձանց։ Երկու անգամ էդպես կրկնվել է, ու բռնությունները հենց էդ պատճառով եղան, այսինքն քանի որ էս խուցը չի գտնվում հատուկ պահպանվող խցերի ցանկում, ամեն պահ կարող է ինչ-որ բան փոխվել»,- «Ազատությանն» ասաց փաստաբանը։

Երեկ հացադուլ հայտարարած Գևորգին բռնության մասին ահազանգի հետքերով այցելել են իրավապաշտպաններ։ «Իրավապաշտպանները դիմել են օրենքով սահմանված կարգով տարբեր պաշտոնատար անձանց, առաջին պահանջն ու պայմանն այն է, որ վերջնականապես Գևորգի անվտանգությունն ապահովվի, հետո արդեն էդ բոլոր գործողություններին գնահատականներ կտրվի։ Դրա համար էս պահին շատ բան չի ասվում, քանի դեռ մենք մտավախություն ունենք, որ ամեն պահ կարող է ինչ-որ բան փոխվի, մտածում ենք, որ շատ հրապարակումը կարող է ազդել հենց Գևորգի կարգավիճակի վրա»։

Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի և հացադուլի ու ջրադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի՝ կալանավայրում երեկվանից հացադուլ է սկսել Շանթ Հարությունյանը։ Ինչպես փոխանցեց Շանթի որդին՝ Շահենը, բողոքի ծայրահեղ միջոցին այսօրվանից միացել է նաև «Նոյեմբերի 5»-ի գործով մեկ այլ դատապարտյալ՝ Վարդան Վարդանյանը:

«Պահանջում է ապահովել բանտարկյալների անվտանգությունը, այսինքն հայրս տեսնում է վտանգ իր անձի անվտանգության հետ կապված և դրա համար գնացել է այդ ծայրահեղ միջոցներին, ութ օր է արդեն` հացադուլի մեջ և հինգ օր է՝ ջրադուլի մեջ է։ Շանթ Հարությունյանը դեռևս իր դատական նիստերի ժամանակ հայտարարեց, որ Հայկ Կյուրեղյանին համարում է իր գաղափարական պայքարի ընկերը»,- փոխանցեց Շահեն Հարությունյանը։

XS
SM
MD
LG