Փոխնախարարը հավելեց, թե դա հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:
Իրանի և Արևմուտքի միջև պատմական համաձայնությունից ընդամենը մեկ ամիս անց՝ անցած օգոստոսին, Երևանն ու Թեհրանը ստորագրեցին շուրջ 120 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ երկու երկրները կապող երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերաբերյալ: Շինարարությունը պետք է ավարտվի 18 ամսվա ընթացքում:
Փոխնախարարի խոսքով, երրորդ գիծը հնարավորություն կտա մեծացնել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները․ - «Միանշանակ հենց ծրագրի նպատակն էլ դա է, որպեսզի ծավալները մեծացնենք։ Քանի որ Հայաստան - Իրան գազամուղի ներուժը ավելի լավ կօգտագործենք և մեր արտադրական հզորությունների ներուժը ավելի լավ կօգտագործենք»:
Հարությունյանը, սակայն, թվեր չնշեց․ - «Գազատարի տարողությունը երկու միլիարդ է տարեկան, և նպատակն է՝ առավելագույնս դա օգտագործել»:
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, իրանական գազը ավելի էժան է, քան ռուսաստանյանը: 2013-ի ընթացքում իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց Հայաստանը սահմանին վճարել է ավելի քան 183 դոլար, ռուսաստանյանի դիմաց՝ մոտ 266 դոլար: 2014-ին, համապատասխանաբար՝ շուրջ 188 դոլար և 202 դոլար:
Չնայած այս հանգամանքին, Հայաստանը Իրանից մի քանի անգամ ավելի քիչ գազ է ներմուծում, քան Ռուսաստանից: 2014 թվականին հարավային հարևանից ներմուծել ենք 383 միլիոն խորանարդ մետր, Ռուսաստանից՝ 2 միլիարդ 109 միլիոն խորանարդ մետր: Բացի այդ, իրանական գազը չի վաճառվում հայաստանյան ձեռնարկություններին ու բնակչությանը: Այն Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մեծ մասը ուղղվում է Իրան:
Չնայած մաքսայինի տվյալներին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հրապարակավ պնդում են, որ իրանական գազը թանկ է ռուսաստանյանից: Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին՝ հայ-ռուսական սկանդալային գազային պայմանագրի կնքումից հետո, որով «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջովին անցավ Մոսկվային, Երևանն էլ պարտավորվեց մինչև 2044 թվականը երաշխավորել «Գազպրոմ»-ի իրավունքներն ու շահերը Հայաստանում, էներգետիկայի այդ ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ իրանական գազի գինը սահմանին 400 դոլար է:
Դրանից երկու օր անց Երևանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին ոչ միայն հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ, այլև փաստորեն հերքեց նախարարի խոսքերը իրանական գազի թանկ լինելու մասին՝ ընդգծելով, որ Թեհրանը կարող է Երևանին գազ վաճառել անգամ 100 դոլար գնով, և դա կախված է երկու երկրների պայմանավորվածությունից:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե չլիներ «Գազպրոմ»-ի հետ կնքված «վասալային» պայմանագիրը, Հայաստանը այժմ կարող էր օգտվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից և գազային շահավետ պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի հետ․ - «Մենք մեր ձեռքով մի այնպիսի վասալային պայմանագիր ենք կնքել Ռուսաստանի հետ, ավելի շուտ՝ «Գազպրոմ»-ի հետ, որի արդյունքը մենք կստանանք հիմա և ստանում ենք արդեն»: