Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով միջանցքի ստեղծման ուղղությամբ


Մեղրու անցակետը Իրան - Հայաստան սահմանին, արխիվ
Մեղրու անցակետը Իրան - Հայաստան սահմանին, արխիվ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ:

«Սա կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ այն ելք չունի դեպի ծով և կարող է օգտագործել այս միջանցքը Պարսից ծով դուրս գալու համար: Մենք նույնպես կարող ենք օգտագործել այս միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, դուրս գալու Սև ծով», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին, ով Հայաստան է եկել Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում: - «Այս նպատակով քառակողմ համագործակցության մասին է խոսվել՝ Իրան, Հայաստան, Վրաստան և Բուլղարիա», - հավելեց Ախունդին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով, հայկական կողմի հետ քննարկվել են նաև երկու երկրները կապող ավտոմայրուղու վերանորոգման և երկաթգծի կառուցման հարցերը:

«Երկաթգծի կառուցման հարցը հատկապես հետաքրքրում է հայկական կողմին: Իրանական հատվածում այն գրեթե պատրաստ է, գործում է մինչև Ջուլֆա և Ջուլֆայից մինչև Մեղրի ընդամենը 60 կիլոմետր է, իսկ հայաստանյան հատվածը ավելի երկար է: Հայկական կողմը ցանկանում է վստահ լինել, որ եթե երկաթուղու հայաստանյան հատվածը կառուցվի, ավարտին կհասցվի նաև իրանական մասը», - նշեց Իրանի տրանսպորտի նախարարը:

Հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը Հայաստանի իշխանությունների օրակարգում է 2008թ․-ից, երբ ընտրության առաջին տարում նախագահ Սարգսյանը Ազգային ժողովում այդ մասին խոստում տվեց: Մինչ այժմ, սակայն, այդպես էլ չի հաջողվել գտնել ռազմավարական նշանակության այդ նախագծի ֆինանսավորման աղբյուրը:

Անցած ամիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնեց, որ չինական կողմը սկսել է ուսումնասիրել երկաթգծի նպատակահարմարությունը, և եթե այն շահավետ գնահատվի, Պեկինը կֆինանսավորի 3.2 միլիարդ դոլար գնահատվող նախագիծը։

Այսօր Իրանի տրանսպորտի նախարարից հետաքրքրվեցինք՝ իր գնահատմամբ ե՞րբ իրականություն կդառնան հայ-իրանական երկաթգիծը և իր նշած ծրագրերը:

«Պարսից ծոցից մինչև Բուլղարիա միջանցքը կարելի է արագ կյանքի կոչել, այստեղ խնդիրը գլխավորապես վերաբերում է փոխադարձ համաձայնությունների ձեռք բերմանը: Երկաթուղու հետ կապված՝ կարող եմ ասել հետևյալը՝ քանի որ աշխատանքի մեծ մասը պետք է արվի Հայաստանում, մենք վստահեցրել ենք հայկական կողմին, որ երբ 3 միլիարդ դոլար ներդրման 1/3-րդը արդեն կատարված լինի, իրանական հատվածի երկաթգիծը մենք կկառուցենք», - նշեց Ախունդին:

Այսօր Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հայաստանյան այցի վերջին օրն է: Առավոտյան բարձրաստիճան հյուրը Մատենադարանում էր, այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մասնակցեց Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Ջահանգիրիին ընդունել է նաև նախագահ Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ եկել է ժամանակը երկկողմ օրակարգն ընդլայնելու և հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու:

XS
SM
MD
LG