Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Ախտորոշման ի հայտ գալը «օգտագործվելու է հօգուտ Տիգրան Խաչատրյանի»


Իրավապաշտպան․ Ախտորոշման ի հայտ գալը «օգտագործվելու է հօգուտ Տիգրան Խաչատրյանի»
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետի որդին բանակից երկու անգամ տարկետման իրավունք է ստացել «նևրասթենիա» ախտորոշմամբ:

«Տիգրան Սուրիկի Խաչատրյանը 2013 թ. ձմեռային զորակոչի ընթացքում 13.01.2014թ. ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Համաձայն բժիշկ-փորձագետների զննման և տրված ակտի` նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա, ասթենո-նևրոտիկ վիճակ» և, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 5-րդ հոդվածի «գ» կետի պահանջների, տրվել է տարկետում 6 ամիս ժամկետով: 24.07.2014 թ. Տիգրան Սուրիկի Խաչատրյանը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, զննվել է բժիշկ-փորձագետների կողմից: Նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա չափավոր արտահայտված» և, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 7-րդ հոդվածի «բ» կետի պահանջների, ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ» և տրվել է տարկետում 3 տարի ժամկետով», - ասված է «Ազատության» հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական արձագանքում:

Սյունիքի մարզպետի որդին մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մայիսի 2-ին Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, ինչի հետևանքով երիտասարդի աչքը կուրացել է: Տիգրան Խաչատրյանը կալանավորված է:

Երկու տարի առաջ Սյունիքի մարզպետի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած սպանության գործով ևս շոշափվում է Տիգրան Խաչատրյանի անունը: 2013-ի ամռանը իրավապահները նրան մեղադրանք առաջադրեցին սպանության համար: Բուդաղյանների ընտանիքը, նրանց փաստաբան Հայկ Ալումյանը պնդում են, թե Ավետիք Բուդաղյանին հասցված հրազենային մահացու վնասվածքներից առնվազն երկուսի հեղինակը հենց Տիգրան Խաչատրյանն է, նաև մարզպետի որդին է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ հասցրել սպանվածի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին: Սակայն նույն թվականի սեպտեմբերին Տիգրանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ իրավապահները գտան, որ նման կերպ մարզպետի որդին ինքնապաշտպանվել է:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ նման ախտորոշման ի հայտ գալը օգտագործվելու է հօգուտ Տիգրան Խաչատրյանի, ով պարբերաբար հանդես է գալիս տարբեր «արյունալի պատմությունների հերոսի» դերում․ - «Ես չեմ տեսնում այն իրավիճակը, որ կարող է նրա որդուն դատապարտեն, պատժեն: Կամ Սուրիկ Խաչատրյանին: Հիմա մի քիչ հաշվի են նստում հանրային կարծիքի հետ, և մի քիչ զգույշ են այդ քայլերը, ուղղակի չեն ձևակերպում ինքնապաշտպանություն, ինչպես Բուդաղյանների այդ արյունալի միջադեպի ժամանակ, բայց չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարությունը հենց այնպես է սա հանել: Կարծում եմ, որ իր վերջո կօգտագործվի որպես պաշտպանություն Տիգրան Խաչատրյանի»:

Սյունիքի մարզպետի խորհրդական, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի վարչության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսում էր, թե ինչու է մամուլը շահարկում այս հարցը․ - «Տիգրան Խաչատրյանը ընդամենը իրենց տան մոտ, երբ զինված հարձակում էր եղել, որը որակվել է դատական համակարգում որպես զինված հարձակում ընտանիքի և տան վրա, հարձակման ժամանակ պաշտպանել է իր ընտանիքի պատիվը․․․ և ունեցել է որոշակի լարվածություն՝ նևրոտիկ վիճակ»:

«Սդղի գյոլ»-ի գործով տուժող Զաքարյանների փաստաբան Լևոն Սահակյանը ևս չի բացառում, որ նևրասթենիայի ի հայտ գալու իրական նպատակը քրեական գործում Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը ապահովելն է․ - «Սակայն եթե հետագայում պարզվի, որ իրականում նշված գործողությունները Ձեր կողմից նշված ուղղությամբ են ընթանում, ապա վստահեցնում եմ, որ Զաքարյան եղբայրները կոնկրետ քայլերի կդիմեն»:

Ժաննա Ալեքսանյանն ասաց, թե չի զարմանա, եթե «Սդղի գյոլ»-ի գործով փորձաքննությունը պարզի, որ Տիգրան Խաչատրյանը ամենևին էլ չի տառապում նևրասթենիայով, որովհետև «արտոնյալ, օրենքից վեր կանգնած» պաշտոնյաների զավակները սովորաբար չեն ծառայում բանակում, մինչդեռ շարքային քաղաքացիների որդիներն անգամ առողջական լուրջ խնդիրներով զորակոչվում են․ - «Պաշտպանության նախարարությունը սովորական մահկանացուների հետ այդպես զգուշորեն չի վերաբերվում: Ոնց գտավ, բռնի թե ոնց, անպայման զորակոչելու են բանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG