Մատչելիության հղումներ

Փաստաբանը հաստատում է, որ մարզպետի որդին կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա


Նախկին մարզպետի տունը Գորիսում:
Նախկին մարզպետի տունը Գորիսում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպանը միջնորդում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և ազատ արձակել Խաչատրյանների Գորիսի տան մոտ տեղի ունեցած հայտնի արյունալի միջադեպի հետևանքով կալանքի տակ գտնվող երիտասարդին։

Հունիսի 1-ի այս միջադեպի ժամանակ, հիշեցնենք, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ:

Նախկին մարզպետի որդու փաստաբանը՝ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով է կրակել. - «Համոզված եմ, որ իմ պաշտպանյալի արարքը, այսինքն Բուդաղյաններին վնաս պատճառելը քրեական օրենքով համարվում է իրավաչափ, որովհետև գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, չեն գերազանցել անհրաժեշտ պաշտպանության սահմանները, սահմանազանցում չկա։ Ինձ համար բավարար է միայն և միայն այն տեսանյութը, որը դուք նույնպես տեսել եք։ Դրան գումարած՝ ես ունեմ գործի նյութեր. այն նյութերը, որ ես իրավունք ունեմ ունենալու»։

«Գործի նյութերով հաստատվո՞ւմ է, որ Տիգրան Խաչատրյանն է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա, չնայած ինքը չի ընդունում իր մեղքը» հարցին Խաչատրյանի փաստաբանը պատասխանեց. - «Տեսաերիզը բավարար է, որպեսզի այդ բանը հայտարարենք։ Այն հանգամանքը, որ նա իրեն չի ճանաչել մեղավոր այն մեղադրանքում, որն իրեն առաջադրվել է, դեռ չի նշանակում, որ ինքը չի ընդունում: Ես երբեք իրավունք չէի ունենա ասելու, որ նա կրակել է, եթե նա ինձ այդ իրավասությունը տված չլիներ, որ ես այդ բանը ասեմ: Այդ իրավունքը ինձ տվել է, որովհետև նա պատրաստվում է նույնպես ցուցմունք տալ։ Ուրեմն՝ ոմն Սևադա անունով մեկը ժամանակին փորձել է ասել՝ ես ճանաչեցի, սա ոնց որ Սուրիկ Խաչատրյանն էր, ավտոմատը հետևին պահած գալիս և կրակում։ Եվ այստեղից տարածվեց լուր, որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է։ Երբ նայում ենք այն, ինչի մասին ասում է այդ ոմն Սևադան, մենք տեսնում ենք, որ դա Տիգրան Խաչատրյանն է»։

«Տեսեք, մի Սևադայի մի փոքրիկ վրիպակը բերեց ուր հասցրեց», - ասաց Սահակյանը` պարզաբանելով, որ այդ Սևադան «ոմն Գորիսի քաղաքացի է, հավանաբար»։

Տիգրան Խաչատրյանի փաստաբանը հաստատեց ի սկզբանե շրջանառված այն վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի պահին քնած է եղել. - «Ես կարող եմ ասել, որ հաստատում եմ այդ լուրերը, իսկ եթե որևէ մեկը ասում է, որ այդպես չէ, թող ասի ինչու, և թող հիմնավորի»։

Անդրադառնալով դեպքի պահին Տիգրան Խաչատրյանի՝ թմրանյութի ազդեցության տակ լինելու մասին լուրերին՝ փաստաբանն ասաց. - «Եզրակացություն այն մասին, որ դեպքի պահին Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, գործում չկա»:

Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանը հանգել է եզրակացության, որ դեպքի օրը Խաչատրյանների տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում: Հիշեցնենք՝ այս վարկածը ի սկզբանե շրջանառության մեջ դրեց զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ինչը Բուդաղյանների կողմը անմիջապես սուր քննադատության ենթարկելով՝ գնահատեց որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ:

«Համոզված եմ, և գործի նյութերն ասում են այն մասին, որ տեղի է ունեցել զինված հարձակում, որ եղել է անհրաժեշտ պաշտպանության վիճակ, որ եթե հապաղեր փոքր-ինչ Տիգրան Խաչատրյանը, կարող էին լինել անդառնալի հետևանքներ Խաչատրյանի ընտանիքի անդամների և մյուսների համար», - ասաց նա։

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Սահակյանի պնդումները որակեց «իրականությանը տրամագծորեն հակասող»` վկայակոչելով նույն տեսանյութը։ Ալումյանը մշտապես հայտարարել է, որ դեպքից մի քանի օր անց տարածված տեսանյութը մոնտաժված է հօգուտ Խաչատրյանների: Չմոնտաժված տարբերակը, ըստ նրա, բացառում է զինված հարձակման վարկածը:

«Փաստաբանը իր վստահորդի շահերից ելնելով կարող է ցանկացած միջնորդություն անել։ Պարզապես ի սկզբանե զինդատախազն է այդ գնահատականները տվել, խեղաթյուրված տեսակետը գցել է շրջանառության մեջ, հիմա այն կողմը պարզապես օգտվում է զինդատախազի այդ կոպիտ սխալից։ Սկզբից դա դրվեց որպես գլխավոր ուղղություն, որով այս գործը պիտի ծռվի», - ասաց Հայկ Ալումյանը: - «Տեսանյութը ի սպառ հերքում է այդ վարկածի որևէ հնարավորություն։ Այնտեղից պարզ երևում է, որ կրակոցները սկսվել են Տիգրան Խաչատրյանի կողմից այն ժամանակ, երբ որ արդեն որևէ իրարանցում, ընդհարում, վիճաբանություն, ոչ մի բան այլևս գոյություն չի ունեցել»։

Փաստաբանը հայտարարեց, որ տեսանյութի չմոնտաժված տարբերակը մի օր «անպայման» կներկայացվի հանրությանը. - «Եթե ուրիշ ոչ ոք չներկայացնի, ես կներկայացնեմ»:

Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը ներկայացված է փորձաքննության, և եթե փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո Ալումյանի մոտ կմնան կասկածներ, նա կարող է կրկնակի փորձաքննություն պահանջել։

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությանը, զինդատախազը առայժմ ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ։ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նման միջնորդություն ներկայացնելը Խաչատրյանի պաշտպանի իրավունքն է. ինքն իր դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ քննիչը դա բավարարի կամ մերժի, և այդ որոշման դեմ բողոք ներկայացվի իրեն.

«Եթե ես որեւէ կարծիք հիմա արտահայտեմ, արդեն համապատասխան դատավարական կարգով իմ կարծիքները կլինեն կասկածելի», - ասաց զինդատախազը։
XS
SM
MD
LG