Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին հոգեկան առողջության հետ կապված զինծառայությունից տարկետում տալու մանրամասներին տեղյակ չէ, բայց վստահ է՝ եթե տրվել է, ուրեմն եղել է դրա անհրաժեշտությունը: Նախարարը հինգշաբթի օրն այդ մասին խոսեց՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ, եթե տրվել է տարկետում, ապա այդ տարկետումը տրվել է գործող նորմերի, գործող հրամանների շրջանակներում», - ասաց Օհանյանը:
«Ընդամենը ցնցումների համար, հայրն ասում է, որ ցնցումներ է ունեցել», - «Ազատության» այս դիտարկմանը նախարարը արձագանքեց․ - «Ես կարող եմ հիմա ստուգել, տեսնել՝ ինչի համար, որովհետև առանց լուրջ խնդիրների և առանց տվյալ ժամանակահատվածում պրոբլեմների մենք տարկետումներ չենք տալիս՝ ով ուզում է լինի»:
Ի պատասխան հարցի՝ ի՞նչ կարծիքի է սահմանադրական փոփոխությունների այն դրույթի վերաբերյալ, որով պատերազմական իրավիճակում վարչապետն է դառնում Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Սեյրան Օհանյանն ասաց՝ պաշտպանության նախարարությունը այս հարցի շուրջ առաջարկություններ է ներկայացրել:
«Երբ սահմանադրական փոփոխությունները այսօր իրականացվելու են, համապատասխան փոփոխություններ նաև լինելու են անվտանգության համակարգում: Զինվորական հիերարխիան պետք է հստակ լինի, և այդ հստակության մեջ է զինվորականության միանձնյա ղեկավարման սկզբունքի հիմնական առկայությունը և նաև հաջողությունների գրավականը», - ընդգծեց նախարարը:
Ղարաբաղյան խնդրի շուրջ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փորձերը, ըստ նախարարի, չեն հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը կառուցողական չէ, բացի այդ՝ կան նաև այլ խոչընդոտներ:
«Հարցի լուծման տարբեր մոտեցումներ ունեն, օգտագործելն է հակառակորդի կողմից, որպեսզի իր շահերը առաջ ընթանան, ձգձգելն է, և նաև այսօրվա ստեղծված քաղաքական [իրավիճակը]», - ասաց Օհանյանը:
Նախարարից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում աջակցել Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկներին, որոնք պահանջում են ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին: Թեև մարտական ընկերները պնդում են, որ Ավետիսյանը քաղաքական հայացքների համար է ազատազրկվել, Օհանյանը այս տեսակետին չհամաձայնեց:
«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ Վոլոդյա Ավետիսյանը խախտման համար է պատժվել, և ինքը իր պատիժը պետք է կրի: Պատժի կրման ժամանակ եթե այլ հանգամանքներ լինեն, օրինակելի վերաբերմունք լինի, մենք կարող ենք նաև միջնորդել, որպեսզի պատժի կրումը [կրճատվի]», - ասաց նախարարը՝ «Ազատության» հիշեցմանն ի պատասխան ասելով, որ տեղյակ չէ Ավետիսյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժմանը: