Մատչելիության հղումներ

Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու դիմաց 5 միլիոն դրամի չափով գրավ են առաջարկում


Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու դիմաց 5 միլիոն դրամի չափով գրավ են առաջարկում
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու դիմաց առաջարկվում է գրավ 5 միլիոն դրամի չափով։

«Սդղի գյոլ»-ի տարածքում Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և դիտավորյալ նրա առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված երիտասարդի փաստաբան Արմեն Մելքոնյանից տեղեկացանք, որ դիմել են Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել Խաչատրյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դաժանորեն ծեծված Հարություն Զաքարյանը, հիշեցնենք, կորցրել է աչքի տեսողությունը։

Որպես մարզպետի որդուն ազատ արձակելու հիմք նշվում է՝ նախ չկա հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքը, երկրորդ, ըստ պաշտպանի, չկա հիմք, որ նախաքննության փուլում ազատության մեջ գտնվելով նա քննությանը կխոչընդոտի։ Հիշեցնենք, այս գործով 6 մեղադրյալ կա, որոնցից մեկը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը գտնվում է հետախուզման մեջ։ Տիգրան Խաչատյանն էլ մոտ երկուսուկես ամիս գործով որպես վկա էր անցնում, նրան մեղադրանք առաջադրվեց բոլորովին վերջերս։

«Տիգրանը թաքնվելու որևէ հիմք կամ առիթ որևիցե մեկին չի տվել։ Նախաքննություն է գնում, Տիգրանն էլ ցուցմունքներ է տալիս, իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը տրամադրում է։ Ինչի՞ համար պիտի թաքնվի, ես որևիցե հիմք չեմ տեսնում, որ Տիգրանը կփախնի։ Իրեն մեղավոր չի ճանաչել։ Ինչի՞ համար իրեն պիտի մեղավոր ճանաչի»,- ասաց փաստաբան Մելքոնյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ նույն գործով մեղադրյալ Մայիս Խաչատրյանը փաստացի թաքնվում է քննությունից, մի՞թե նույն բանը չի կարող անել նաև Տիգրան Խաչատրյանը, փաստաբանը արձագանքեց.- «Գիտեք, մի բանը կարող է անել իմ հորեղբոր որդին, հաստատ պարտավոր չեմ, որ ես էլ նույնը անեմ։ Թե ինչու է թաքնվել Մայիս Խաչատրյանը, ինչու չի թաքնվել, էդ հարցերին կպատասխանի Մայիս Խաչատրյանը»։

Մարզպետի որդու պաշտպանական կողմը կասկածի տակ է առնում Տիգրան Խաչատրյանի դեմ տուժող Հարություն Զաքարյանի ցուցմունքները՝ պնդելով, որ նա զինծառայությունից ազատվել է հոգեկան խնդիրներ ունենալու հիմնավորմամբ։ Փաստաբանը հաստատեց, որ Տիգրան Խաչատրյանը ևս չի ծառայել բանակում, չնայած դրան՝ մարզպետի 20-ամյա որդին վերջերս պարգևատրվել է Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով։

«Իմ պաշտպանյալը զինվորական ծառայությունից ազատված չէ, դեռևս չի ծառայել, ուղղակի առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով տրվել է տարկետում բանակից։ Եվ Տիգրանը իր ցուցմունքում էլ է գրել, որ եթե փորձաքննության եզրակացությունը կտա, որ ինքը առողջ է, ինքը պատրաստ է, և քանի որ ինքը Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահն է, պիտի ծառայի իր հայրենիքին»,- ասաց Մելքոնյանը։

«Փաստորեն դեռ չի ծառայել, բայց ԵԿՄ արդեն մեդալ է շնորհել» դիտարկմանը փաստաբանը պատասխանեց՝ դա ի՞նչ կապ ունի.- «Երիտասարդ երկրապահները այլ խնդիր են լուծում, ռազմահայրենասիրական խնդիր են լուծում մեր երկրում, և կարծում եմ, որ շատ կարևոր խնդիր են լուծում»։

Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրյալ էր նաև Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ Ավետիք Բուդաղյանին սպանելու գործով: Այդ գործով Բուդաղյանների շահերը ներկայացնող Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում հեգնեց, թե գուցե ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համա՞ր է Երկրապահը որոշել 20-ամյա Խաչատրյանին պարգևատրել։ Ալումյանը եզրակացնում է, որ ինչ-որ ձև գտնելու են նրան ու Սուրիկ Խաչատրյանի՝ «Սդղի գյոլի» գործով մեղադրվող եղբորն ու եղբորորդիներին ազատելու համար։

«Մի քանի ամիս հետո մի հերթական ներում կլինի կամ գուցե մի համաներում անեն հատուկ նրա համար, որպեսզի այդ մարդիկ դրսում հայտնվեն։ Ես գիտեմ, որ էդ մարդիկ առայժմ մեր արդարադատության համար անձեռնմխելի են»,- ասաց Ալումյանը։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը համոզմունք հայտնեց, որ Երկրապահը վաղուց հանրապետականներին սպասարկող կառույց է դարձել, ուստի ոչինչ զարմանալի չէ։

«Երկրապահը Մանվել Գրիգորյանի բդեշխությունն է, ինչ ուզում անում է։ Չեմ զարմանա, եթե վաղը իր որևէ ընկերոջ նորածին թոռնիկին էլ մեկ մեդալ շնորհի Երկրապահի անունից։ Վոլոդյա Ավետիսյանին դարձրեցին հանցագործ, հանցագործին դարձնում են մեդալակիր»,- հեգնեց ազատամարտիկը։

XS
SM
MD
LG