«Ըստ էության, մեր նստացույցը տեղի չի ունեցել նստացույցի համար նախապես հայտարարված վայրում: Դուք գիտեք, որ կառավարությունը որոշում չկայացրեց սուբսիդավորելու վերաբերյալ: Մենք հիմա որոշում պետք է կայացնենք, թե ինչ ենք անելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը: - «Սպասեք նոր մարտավարության: Չեմ ուզում շատ խոսել այդ մասին: Ես ունեմ իմ պատկերացումները, ընկերներս ունեն իրենց պատկերացումները: Երեկոյան որոշում պետք է կայացնենք, որ ընդհանուր տեսակետ լինի»:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան»-ը երեկ հայտարարել էր, որ երեք ժամով փակելու է Հանրապետության հրապարակ մտնող փողոցները: Սակայն ակցիան չհաջողվեց իրականացնել: Կարճ ժամանակով կարողացան փակել միայն Վազգեն Սարգսյան փողոցը: Սանասարյանը մեջքի սուր ցավերով տեղափոխվել էր հիվանդանոց:
Այսօր նա պնդեց, թե վնասվածքը ստացել է ոստիկանների գործողությունների արդյունքում․ - «Վերևից մեջքի վրա բաց թողելու արդյունքն է: Ու միայն ինձ չեն այդպես արել: Փողոցից դուրս էին հանում, դիտավորյալ սկզբից թողում էին մեջքի հատվածը, հետո նոր ոտքերի հատվածը: Կադրեր կան ֆիքսած, թե ինչպես են դա անում»:
Երեկվանից քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են բողոքի ակցիային մասնակցող ցուցարարների լուսանկարները՝ վիրավորական մակագրություններով: «Անկեղծ ասած, չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ում ձեռագիրը կարող է լինել․․․ Ծիծաղելի է իրականում», - «Ազատության» հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամներից Վաղինակ Շուշանյանը:
Հիշեցնենք, «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժումը երեք օր առաջ Հանրապետության հրապարակում նստացույց սկսեց։ Շարժման պահանջները երեքն են․ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, վերանայել սակագները՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։