«Ոտքի’, Հայաստան» նախաձեռնությունն այսօրվանից անցում է ակտիվ գործողությունների։ Համակարգող խումբը խոստանում է՝ լինելու են անակնկալ քայլեր, քաղաքացիական անհնազանդություն, սակայն ամեն ինչ անելու են օրենքի շրջանակում։
«Շարունակում ենք պայքարը, չենք հանգստանում ամառվա շոգին, նպատակ ունենք մեր առաջ, խնդիր ունենք մեր առաջ, փորձելու ենք այդ խնդիրները լուծել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սանասարյանը։
Մեկնարկը տրվելու է այսօր երեկոյան՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում նախատեսված նստացույցով։ Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, Ոստիկանությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ հրապարակի կենտրոնում ակցիա թույլ չի տալու։
«Երբ որ մենք մինչև ակցիայի մասին խոսելը Ոստիկանությանը դիմեցինք՝ հրապարակային նստենք կլոր սեղանի շուրջ ու քննարկումների, Ոստիկանությունը հրապարակային մերժեց։ Հիմա իրենք պատրաստ են հանդիպման, բայց մենք նշում ենք, որ դա պետք է լինի միայն հրապարակային։ Նրանք դիրքորոշում ունեն, որ չեն ուզում թույլ տալ 18։00-ին հրապարակի գորգի վրա նստել, մենք ինքներս անելու ենք ամեն ինչ, որ նստենք», - ասաց ակտիվիստը։
Հիմնական պահանջը նույնն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը։ Ըստ նախաձեռնության անդամների, նախկինում սակագնի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարություններն այդպես էլ մնացին օդում կախ։
«Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի հայտարարության մեկամսյակը։ Այն ժամանակ ասաց՝ ինչ-որ բաներ են անելու, մինչ օրս որևիցե բան հրապարակային արված չէ, որևիցե բան հանրությանը տեղեկացված չէ, թե ինչ քայլեր են անելու, որպեսզի խնդիրը լուծեն։ Սուբսիդավորման մասին որևիցե ակնարկ չկա մինչ օրս։ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևեց Հովիկ Աբրահամյանի խոսքը, որ երկու օրից կասեն՝ ինչ միջոցներով, բայց այդ երկու օրն անցավ, շատ անցավ, տասը օր անցավ, 15 օր անցավ, բայց իրենք որևիցե բան չեն ասում մինչ օրս», - ասաց Սանասարյանը։
«Ոտքի՛, Հայաստան»-ը հավատացած է՝ կհաջողվի կրկին համախմբել հասարակությանը։ Նախաձեռնության անդամները շրջել են մարզերով, պայքարի միասնական ճակատ ձևավորելու առաջարկությամբ հանդիպել են «Ո՛չ թալանին» նախաձեռնության և ընդդիմադիր կուսակցությունների հետ։
«Ո՛չ թալանին» նախաձեռնության մեր ընկերներն ասել են, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում գործողությունների, բայց չի բացառվում, որ առաջիկայում միանան մեզ կամ միասին ինչ-որ բան անենք։ Կուսակցություններից մասնակցություն լինելու է», - տեղեկացրեց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամը։
Նստացույցի վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է, հետագա մարտավարությունն՝ առայժմ գաղտնի։ Սանասարյանը չի բացառում՝ օգոստոսի 1-ից հետո իրենց շարժումը կարող է միանալ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողներին, բայց նախքան այդ առաջարկ ունեն։
«Եկեք միասնական կանգնենք, քաղաքացիական անհնազանդություն սկսենք, որովհետև, տեսե՛ք, իրենք արդեն սակագնի բարձրացման խնդիրը կարգավորած են համարում, անցնում են սահմանադրական բարեփոխումներին։ Մենք ասում ենք, որ եկեք սա կանգնեցնենք իրենց կոկորդին, որ չկարողանան անցնել սահմանադրական բարեփոխումներին։ Այսինքն՝ եթե լուրջ կոնսոլիդացիա լինի այս հարցով, վստահ եմ, որ տրանսֆորմացիա կլինի նաև այն հարցով», - ասաց Սանասարյանը։