Մատչելիության հղումներ

Վանաձորից մեկնարկեց «Ոտքի՛, Հայաստան»-ի քայլերթը, որը կավարտվի Երևանում


Նախաձեռնության անդամները կգնան Գյումրի, ապա՝ Թալին և Աշտարակ, իսկ հուլիսի 30-ին կմիանան Երևանի Հանրապետության հրապարակում նստացույց անողներին և կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման կողմից նախաձեռնած քայլերթը դեպի Երևանի Բաղրամյան պողոտա մեկնարկեց Վանաձորի Արցախ պուրակից:

«Էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման չեղարկում ենք պահանջում և երթով՝ Գյումրիով, Թալինով, Աշտարակով հասնելու ենք Երևան, որտեղ մեզ միանալու են այսօր ժամը 6-ին մեկնարկող նստացույցի մասնակիցները»։

Նախաձեռնության անդամները քայլերթի ընթացքում կոչ էին անում վանաձորցիներին միանալ իրենց՝ շեշտելով, որ խնդիրը ազգային է:

Նախաձեռնության անդամները նախատեսում են երթի մեկնարկից 24 ժամ անց հասնել Գյումրի, որտեղ իրենց կմիանան գյումրեցի համակիրները, հաջորդող օրերին քայլերթով կանցնեն Թալին և Աշտարակ քաղաքներով, հուլիսի 30-ին կմիանան Երևանի Հանրապետության հրապարակում նստացույց անողներին և միասին կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր:

«Հասնելուց հետո մարդկանց այդ երկու խմբերը միավորվելու են Բաղրամյան պողոտայում, և այնտեղ մենք սկսելու ենք նստացույց՝ առնվազն մինչև օգոստոսի 3-ը կամ անժամկետ՝ կախված իշխանությունների պատասխանից»։

Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ պահանջը մեկն է՝ էլեկտրաէներգիայի թանկացման չեղարկում: Բացի այդ, ակնկալում են, որ մինչ այդ իշխանությունները իրենց հստակ պատասխաններ կտան, թե ինչ միջոցներով են աուդիտ անցկացնելու, ինչ միջոցներով են սուբսիդավորելու թանկացած հոսանքի գումարը։

«Ինչպես նաև նախագահն ասել էր, որ իրենք հայ-ռուսական միջպետական ինչ-որ բան են ստեղծում, որ ստուգի ՀԷՑ-ի գործունեությունը։ Առայսօր չի ասվել՝ ինչ քայլեր են արվել, ստուգումներ արվել են, թե ոչ, և ինչպես են արվելու»,- նշեց Հովհաննիսյանը:

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին չի կաշկանդում այն հանգամանքը, որ Վանաձորում երթին միացել է մի քանի հոգի միայն.- «Նույնիսկ երեք հոգով լինենք՝ մեր քայլերը շարունակելու ենք»։

«Ազատության» հետ զրույցների ընթացքում ոմանք ասում էին, որ երթին չեն մասնակցում, բայց պատրաստվում են գնալ Երևան՝ մասնակցելու նստացույցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG