Երեկ երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում արդեն երկրորդ օրը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին կրկին չհաջողվեց նստացույց իրականացնել հրապարակի կենտրոնում. ոստիկանությունը հրապարակում մեծ ուժեր կենտրոնացնելով՝ փակեց դեպի հրապարակի կենտրոն տանող ճանապարհները։
«Ոստիկանները ոչ իրավաչափ քայլեր են իրականացնում, անօրինական հրամաններ են տալիս ու փորձում են մեզ ենթարկացնել, բացի դա, կճմթում են, քացով հարվածում են, քաշքշում են, պատռեցին տղաներից մեկի շապիկը։ Ու սենց գնալով իրենց նյարդերը տեղի են տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ ոստիկանական ուժերը հրապարակում անհամաչափ են։
«Անհամաչափ այստեղ դասավորվել են՝ Հանրապետության հրապարակում, հարակից տարածքներում։ Ցույց ենք տալիս, որ սա է իրական պատկերը, որ ոստիկանությունը կարող է այսքան ռեսուրս ծախսել ու դրա փոխարեն իրենք չեմ հասկանում ինչ են ստանում: Ընդհակառակը՝ դրա փոխարեն մենք իրենց տանջում ենք, թող այսպես անընդհատ տանջվեն, անընդհատ մեզ հետ հևալով քայլեն ու հասկանան, որ իրականում մենք մեկ նպատակով ենք այստեղ, իրենց նման ապօրինի հրաման չենք կատարում», - ասաց Սանասարյանը։
Նախաձեռնության անդամը նշեց, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ պահանջում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկել, սակագինը վերանայել՝ նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ի դեպքերի պատասխանատուներին ու իրականացնողներին։
«Ոտքի՛, Հայաստան»-ի ակցիաներին արդեն երկրորդ օրը մասնակցող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի խոսքով, հոսանքի թանկացման դեմ պետք է պայքարել ցանկացած մեթոդով։
«Որպես շարքային քաղաքացի, ում հոսանքը կրկին թանկանում է, սա նաև իմ խնդիրն է, և ես այստեղ եմ, ու ցանկացած մեթոդով, ինչով կարելի է պայքարել դրա դեմ, պետք է պայքարվի», - ասաց Շուշանյանը։
Նա ընդգծեց, որ նման ակցիաները նաև ազդանշան են իշխանություններին, որ նույնիսկ մասնակիցների փոքր թվով կարող են խոչընդոտներ ստեղծել նրանց համար։ Շուշանյանը կոչ արեց իշխանություններին՝ սթափվել։
«Ինչպես կասեր Վովա Գասպարյանը՝ սթափվե՛ք և ռեա՛լ նայեք այս ամեն ինչին, որովհետև ցանկացած պարագայում՝ գիշեր լինի, թե՝ ցերեկ, մենք ձեզ հանգիստ չենք թողնելու, մինչև մեր պահանջը արդարացի լուծում չստանա։ Մեկին հինգ ոստիկան է կանգնած, ամեն մարդուն հինգ հոգի է հասնում։ Սա նշանակում է, որ ինչքան էլ փորձեն իբր թե վախեցնել, բայց իրենք առաջին հերթին վախեցած են, որովհետև արդեն իսկ Օպերայի նստացույցից ու Բաղրամյանի դեպքերից հետո նրանք հասկացել են, որ ժողովուրդը սկսել է գիտակցել՝ ինչի համար է պայքարում», - ասաց Շուշանյանը։
Ակտիվիստները շարունակում են նստացույցը Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում։