Երեկ երեկոյան Ոստիկանությունը թույլ չտվեց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին նստացույց անել Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Նախաձեռնության անդամներն էլ նստեցին հրապարակում՝ հայտարարելով, որ գիշերը մնալու են այնտեղ ու հարմար առիթի դեպքում նստացույցը տեղափոխելու են հրապարակի կենտրոնական հատված։
«Մենք անելու ենք ամեն ինչ, որ նստենք հրապարակի կենտրոնում։ Մենք չենք գնա բախումների, նման մտքով չենք եկել, ինչպես ոստիկանությունն էր նախապես նշում։ Ես կոչ կանեմ, որ այսքան ռեսուրս չօգտագործեն ոստիկանական և բացեն, մենք գնանք մեր հերթափոխերն իրականացնենք կենտրոնում՝ գորգի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ դա պարզապես կապրիզ չէ. - «Դա մեր որոշումն է, որ այդտեղից ավելի շատ մարդ կտեսնի, այնտեղ ավելի կոնկրետ կլինի, ամեն մարդ չի մասնակցի։ Հիմա այստեղ կարող են ամենատարբեր սադրիչները գալ, իսկ այնտեղ մենք՝ կազմակերպիչներս, կոնկրետ կանոնակարգ ենք սահմանել, վստահ եմ, որ վաղն ավելի շատ մարդ է լինելու այստեղ»։
Սանասարյանն ասաց, որ իրենց նպատակը մարդկանց իրազեկելն ու նրանց ոտքի հանելն է։
«Մարզերից ևս մեկնարկել է քայլերթն ու ավտոերթը, և գնալով փորձելու ենք այդ պրոցեսը տանել նաև ամեն մի քաղաքում։ Հուլիսի 30-ին կառավարության վերջին նիստն է, և կառավարությունը պետք է ասի՝ ինչ միջոցներով է սուբսիդավորելու, որպեսզի քաղաքացիները անձամբ իրենք չվճարեն իրենց սպառածի համար։ Բայց մենք վստահ ենք, որ ինչ միջոցներով էլ դա լինի, դա լինելու է քաղաքացու ուսերին. վարկ են վերցնելու, թե արտաբյուջետային ֆոնդ են անելու, այնուամենայնիվ, դա մեր գրպանից է գնալու», - ասաց նախաձեռնության անդամը։
Հիշեցնենք՝ «Ոտքի՛, Հայաստան»-ը պահանջում է չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։
Նախաձեռնություն ավելի վաղ հայտարարել էր, որ անցնում է ակտիվ գործողությունների՝ նշելով, որ մեկնարկը տրվելու է հուլիսի 27-ի երեկոյան՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացվելիք նստացույցով։