Անցյալ տարվա գարնանը Կրեմլի իրականացրած Ղրիմի բռնակցումն արևմտյան քաղաքական շրջանակները որակել են անշլյուս (anschluss)՝ գործողություն, որով նացիստական Գերմանիան 1938 մարտի 11-ից 12-ը գրավել է հարևան Ավստրիան։
Նույն տարվա ապրիլի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որով գերմանացիների ու ավստրիացիների գերակշիռ մեծամասնությունը հավանություն է տվել միավորմանը։
Ղրիմը 2014-ի մարտի 17-ին է անցկացրել հանրաքվե և հայտարարել Ռուսաստանին միանալու մասին, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի մարտի 21-ին է վավերացրել Ղրիմի ընդգրկումը Դաշնության կազմում։
Ռուսական կողմը դատապարտում է ավստրիական անշլյուսի հետ զուգահեռներ անցկացնելու` Արևմուտքի քաղաքական գործիչների, վերլուծաբանների և պատմաբանների փորձերը։
Մինչդեռ, ըստ Wall Street Journal-ի մեկնաբան Հոլման Ջենքինսի, միայն Ղրիմով զուգադիպությունները չեն սպառվում։ Ցանկացած համապետական նոր ընտրություն Ռուսաստանում այլևս դիտվում է ոչ թե ընտրություն Պուտինի և նրա մրցակիցների, այլ Ռուսաստանի և թշնամիների միջև, համենայնդեպս, այդպիսին, փորձագետների համոզմամբ, կլինի 2018 թվականի նախագահական ընտրությունը։
Այդպես էր Երրորդ ռայխում, որտեղ նացիստական կարգախոսից տարբերվող կարծիք հայտնողին փակցնում էին «ազգային դավաճանի» պիտակը։ 1933 թվականից սկսած Գերմանիայի խորհրդարան ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար նացիստական կուսակցության հավանությունը։
30-ականների երկրորդ կեսից Գերմանիայի արդյունաբերությունն ամբողջությամբ միլիտարիզացվել է։ Դա զարգացում է ապահովել, բայց առանց նոր պատերազմի անխուսափելի կլիներ լճացումը, այնպես որ պատերազմը ռազմականացված տնտեսության տրամաբանական շարունակությունն էր։ Հիտլերը գրավել է Ավստրիան, ապա Չեխոսլովակիան: Նա համոզված էր, որ աշխարհը կվախենա մեծ պատերազմից և կբավարարվի սանկցիաներով։
«Մենք կորցնելու ոչինչ չունենք, մենք մեր վիճակում կարող ենք միայն նվաճել, որովհետև եթե բավարարվենք ունեցածով, ապա մի քանի տարի էլ չենք ձգի»,- Լեհաստանը գրավելու նախօրեին իր գեներալներին ասել է Հիտլերը։
Ռուսաստանի տնտեսության ռազմականացումն աներևակայելի արագ տեմպերով է ընթանում։ Եգոր Գայդարի ինստիտուտի հրապարակած հետազոտության համաձայն, 2010 թվականից սկսած Ռուսաստանն անշեղորեն ավելացնում է ռազմական ծախսերը, այսօրվա դրությամբ, դրանք կազմում են կառավարության ծախսերի 35 տոկոսը և համախառն ներքին արդյունքի 14 տոկոսը։
Ուշագրավ համեմատություն` Ամերիկայի Միացյալ Նահանգներում զինված ուժերին հատկացնում է համախառն ներքին արդյունքի 4 տոկոսից ավելի քիչ գումար։
«Ռուսաստանի կառավարությունն ունի երկու հրատապ հարց` ամրացնել հասարակության բոլոր շերտերի ապահովությունը և արդիականացնել տնտեսությունը, ինչը թույլ կտա հաղթահարել տնտեսական լճացումը: Երկու խնդիրների լուծումը ենթադրում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում»,- այս կարծիքը Bloomberg-ի վերլուծական բաժինն է հայտնել։
Ռուսաստանը Սոչիի ձմեռային Օլիմպիադայի համար ծախսել է 50 միլիարդ դոլար։ Այդ քաղաքում Պուտինը հանդիպել է երկրի զինվորական վերնախավին։
«Մենք պարտավոր ենք ռազմական արդյունաբերության համար անել այն, ինչ արել ենք Սոչիի համար: Ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվել են»,- ասել է Պուտինը։
Այս ամենը մռայլ խորհրդածությունների տեղիք է տալիս։ Եվ այնուամենայնիվ, մեկնաբան Ջենքինսը հույս է հայտնում, որ Պուտինը մեր օրերի Հիտլերը չէ։ Պուտինն ունի միջուկային զենք, բայց ի տարբերություն նացիստների առաջնորդի, նա ունի նաև երկու դուստր, ինչը պետք է որ նրան ավելի մարդկային դարձնի։
«Պատմական զուգահեռներ հարկ է զգուշությամբ անցկացնել, այս մեկն առնվազն ցույց է տալիս, թե ինչ կարող են անել արկածախնդրությունների դիմող հուսահատված ռեժիմները»,- նշում է Wall Street Journal-ի մեկնաբանը։