Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյան. Զբաղվելու ենք ազգամիջյան խնդիրներով


Արա Աբրահամյան, արխիվ
Արա Աբրահամյան, արխիվ

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշանակվեց Ռուսաստանի նախագահին առընթեր ազգային քաղաքականության տեղեկատվական հարցերով հանձնաժողովի ղեկավար։

«Ազատության» հետ զրույցում Արա Աբրահամյանն այսօր ասաց, որ պաշտոնը հասարակական է, և որ զբաղվելու են ազգամիջյան խնդիրներով։

«Այն քաղաքականությունը, որ տարվում է ազգային խնդիրներով, մենք դա պետք է հասցնենք բնակչությանը, քաղաքացիներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ քաղաքականություն, ինչ ստրատեգիա ունենք մենք ազգային խնդիրներով, և հակառակը, թե ինչ խնդիրներ ունեն այսօր մեր քաղաքացիները, որ կարողանանք քաղաքացիների խնդիրները հասցնենք նախագահին», - ասաց Աբրահամյանը։

Հարցին, թե ծագած ազգամիջյան խնդիրներով տվյալ հանձնաժողո՞վն է զբաղվելու, Աբրահամյանը պատասխանեց. - «Այո՛, մենք անցկացնելու ենք մոնիթորինգ, թե ինչ լարվածություն կա, մենք պետք է այդ խնդիրները ուսումնասիրենք, քննարկենք, այդ ամեն ինչը իմանանք, որպեսզի ժամանակին կարողանանք թույլ չտալ, որպեսզի կոնֆլիկտը տեղի ունենա»։

Պուտինի մեկ այլ հրամանագրով Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմի ու Սևաստոպոլի Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ։

Աբրահամյանը փոխանցեց, որ հանձնախմբի նախագահը Վյաչեսլավ Վոլոդինն է՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։

«Իսկ մենք բավական երկար ժամանակ աշխատել ենք, եթե դուք հիշում եք, մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում։ Ընդհանրապես ես միշտ մասնակցել եմ մեր պետական տոնակատարություններին, միջոցառումներին ես իմ ներդրումն եմ ունեցել, բավականին մեծ փորձ ունենք, և ինձ առաջարկեցին՝ կարո՞ղ եմ ես այդ հանձնախմբի մեջ լինել և աշխատել, ասացի՝ ինչու ոչ», - ասաց Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG