Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի գործով դատական նիստը կրկին անցավ առանց ամբաստանյալի


Կյուրեղյանի գործով դատական նիստը կրկին անցավ առանց ամբաստանյալի
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով այսօր կայացած հերթական նիստը կրկին անցավ առանց ամբաստանյալի:

Նախորդ նիստերից մեկին դատավորին հոտնկայս չդիմավորելու համար Կյուրեղյանը 10 ժամով զրկվել է նիստերին մասնակցելու իրավունքից:

Տեղեկանալով, որ Հայկն այսօր ներկա չի լինելու նիստին՝ Կյուրեղյանի հարազատները լքեցին դահլիճը: «Բարոյական չեմ համարում մասնակցել այդ դատավարությանը, որտեղ ակնհայտ թատրոն է: Խախտվում են մարդու իրավունքները և կատարվում է պատվեր», - ասաց Հայկի հայրը:

Այսօր ցուցմունք էին տալիս գործով անցնող վկաները՝ բացառապես ոստիկանության կամ դատարանի աշխատակիցներ:

Մինչև այդ դատարանը լսեց տուժող ճանաչված մեկ այլ իրավապահի՝ ոստիկանության մայոր Սամսոն Ղարիբյանին: Վերջինս դեպքի օրն ու ժամը չէր հիշում, հիշում էր, սակայն, սեռական բնույթի վիրավորանքներն ու ոչ մարտական զենքից ստացած վնասվածքը․ - «Հայհոյանքներ եղել ա՝ ուղղված արդեն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Ձախ ուսագլխիս հատվածում ա կպել և կպել ա ճակատից վերևի մասին: Դրանից հետո տեղափոխվել եմ մասիվի հիվանդանոցը, համապատասխան բժշկական միջամտություն եմ ստացել»:

Վկաները գրեթե միաբերան կրկնեցին վերադաս սպայի խոսքերը՝ հայհոյել է, սպառնացել է ու կրակել:

Հայկ Կյուրեղյանի պաշտպանը հայտարարեց, թե տուժողի ու վկաների խոսքերը իրականությանը չեն համապատասխանում՝ վկայակոչելով համացանցում հայտնված տեսանյութերը:

Ոստիկան վկայի ցուցմունքում հակասություններ տեսավ նաև մեղադրող դատախազը: Վկան ասաց, թե դեպքը վաղուց է եղել, ինքը մանրամասները լավ չի հիշում և խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանի համոզմամբ՝ այն, որ գործով անցնող վկաները միայն ոստիկաններ ու դատարանի աշխատակիցներ են, վկայում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի մասին․ - «Չկան քաղաքացիներից, չկա մեղադրվողը․․․ Իրենք ինչ հեքիաթներ ուզենան, կարող են պատմել: Այս ինչ ծիծաղելի դատավարություն են անցկացնում և ում համար: Կարող են այս բոլոր հեքիաթները մի կողմ դնել, միանգամից կարդան որոշումը, թե ինչքան են տալիս Հայկ Կյուրեղյանին, վերջացնեն»:

Հիշեցնենք․ Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկին՝ անցած հունիսի 12-ին, Հայկ Կյուրեղյանը այս նույն դատարանի առջև հայտարարել էր, թե Շանթին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը: Ապա բարձրացել էր տեղում կայանված մի ավտոմեքենայի վրա և ոչ մարտական զենքից կրակել ոստիկանների ուղղությամբ:

XS
SM
MD
LG