Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանին խոշտանգելու գործն՝ առանց տուժողի ու մեղադրյալի


Հայկ Կյուրեղյանին խոշտանգելու գործն առանց տուժողի ու մեղադրյալի
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու հետևանքով հարուցված քրեական գործով երիտասարդը դեռ տուժող չի ճանաչվել:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ըստ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության, մինչ այժմ դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Շանթ Հարությունյանի և մյուս 13 անձանց գործով դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել, իսկ հետո կալանավորվել ոչ մարտական ատրճանակից կրակելով բողոքի ակցիա իրականացնելու համար:

Կյուրեղյանի փաստաբանը տարակուսանքով ներկայացրեց նախաքննական մարմնի՝ առայժմ անհետևանք գործունեությունը:

«Քրեական գործ է հարուցվել, որից հետո, սակայն, նախաքննական մարմնից որևէ նորություն Հայկ Կյուրեղյանն ու իր փաստաբանները չունեն։ Նախքան քրեական գործ հարուցվելը, նրան այցել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, բացատրություն է ստացել նրանից, որից հետո լրատվամիջոցներից ենք ընդամենը իմացել, որ քրեական գործ կա հարուցված և վերջ, այդքանը։ Որևէ գործողություն Հայկ Կյուրեղյանի հետ, նրա մասնակցությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչը չի իրականացրել»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները հայտնի՞ են իրեն, փաստաբանը պատասխանեց.- «Ես գիտեմ, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացվել է։ Նախքան քրեական գործի հարուցումը, դատաբժիշկը զննել է Կյուրեղյանին, սակայն այս պահի դրությամբ, նորից եմ ասում, նման եզրակացության գոյության մասին էլ ո՛չ Հայկ Կյուրեղյանը, ո՛չ մենք տեղյակ չենք»։

12 օր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա է Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել քրեական գործ:

Կյուրեղյանը պնդել էր, որ հունիսի 12-ին Երևանի Կենտրոնի դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս ու նաև բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մարմնական վնասվածքների մասին պնդումներն «Ազատության» հետ զրույցում հաստատել էին նաև Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը՝ Նուբարաշենի մեկուսարանում Հայկ Կյուրեղյանի հետ հանդիպումից հետո:

«Ազատության» հարցին, թե չզարմացա՞վ արդյոք, երբ իմացավ, որ Հայկ Կյուրեղյանին ոստիկանությունում խոշտանգելու հետևանքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները բռնության գործադրմամբ անցնելու հատկանիշներով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․- «Ինքս էլ դրա կողմնակիցն եմ, ի դեպ, որպեսզի ցանկացած դեպքով ծառայական քննություններ անցկացվի, նյութեր նախապատրաստվի, քրեական գործ հարուցվի, որ ձվի մեջ մազ ման չգան»։

Գասպարյանը նաև նշեց, թե իրեն պետք չեն խոշտանգող ոստիկաններ, իսկ հարցին, թե նրանցից կազատվի՞, ոստիկանապետը պատասխանեց, որ ինքը դա իր գործով արդեն ապացուցում է։

Նկատի ունենալով ոստիկանապետի հայտարարությունները և այն, որ մինչ այժմ դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ընդգծեց՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրող ոստիկաններին պատժելու հայտարարությունները չպետք է կրեն ձևական բնույթ։

«Գերագույն խնդիրներից մեկը պետք է լինի ծեծող միլիցեքից ազատվելը։ Ոստիկանությունում չպետք է միլիցիայություն լինի։ Եթե ոստիկանապետն իրեն համարում է ոստիկանության պետ, անկախ Հայաստանի Հանրապետության, թեկուզ վատ աշխատող ոստիկանության պետ, նա պետք է նրանցից շուտափույթ ազատվի։ Պետք է խստագույնս պատժվեն, որպեսզի հասարակությունը հավատա, որ էն հայտարարությունները, որ անում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև ոստիկանապետը, դատարկ խոսակցություններ չեն»,- ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայկ Կյուրեղյանն ի սկզբանե պատրաստ է եղել քրեական հետապնդման հեռանկարին, նաև իմացել է ոստիկանական հանրահայտ վարքագծի մասին։

«Քրեական օրենսգրքի տեսակետից կարելի է գտնել հոդվածներ, որոնցով հնարավոր կլինի նրան մեղադրել և հայտարարել, իրավացիորեն գուցե, որ նա խախտել է այս, այս, այս օրենքները, բայց ես կարծում եմ, որ հասարակության գործը պետք է լինի նրա քայլի ճիշտ գնահատականը, իսկ նրա քայլը բողոքի ցույց էր։ Շատ լավ կազմակերպված, շատ լավ մտածված բողոքի ցույց, որն ինքնահրկիզման նման մի բան էր։ Նա գիտեր, որ իրեն պետք է ձերբակալեն, նա գիտեր, որ պետք է դատապարտվի և նա գնաց այդ բողոքի ցույցին, որովհետև այս իշխանությունները ուրիշ հնարավորություն նրան բողոքելու չէին ընձեռել։ Նա փակուղի էր մտել և կատարեց այդ քայլը, իսկ երիտասարդը միայնակ գործիչ է, միայնակ գործչի շրջանը թվում էր, թե խորհրդային տարիներից հետո չպետք է լիներ, բայց պարզվում է մեր իրականությունը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին Խորհրդային իրականությունն էր, ինչպիսին ֆաշիստական իրականությունը Գերմանիայում։ Էնքան տոտալիտար է, որ մարդիկ դիմում են միայնակ քայլի, միայնակ բողոքի։ Օրինակ, Տիբեթում արտահայտում են ինքնահրկիզման միջոցով, Յան Պալախը Չեխիայում էր ինքնահրկիզվում։ Էս քայլը հենց էդ բնագավառից է»,- փոխանցեց Հարությունյանը։

Ի դեպ, վերջին դատական նիստերից մեկի ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայկ Կյուրեղյանին ճանաչում է որպես իր պայքարի ընկեր:

XS
SM
MD
LG