Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանին ծեծած ոստիկանները չեն հայտնաբերվում


Հայկ Կյուրեղյանին ծեծած ոստիկանները չեն հայտնաբերվում
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Շանթ Հարությունյանի և մյուս ընդդիմադիրների գործով դատական առաջին նիստի օրը ՝ հունիսի 12-ին, Կենտրոնի դատարանի բակից բերման ենթարկված, ապա կալանավորված Հայկ Կյուրեղյանը իրեն խոշտանգելու գործով տուժող է ճանաչվել, սակայն որևէ ոստիկան չի մեղադրվում երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունում է քրեական գործի նախաքննությունն ընթանում՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածի հատկանիշներով։

Խոսքը, հիշեցնենք, այն երիտասարդի մասին է, ով դատարանի բակում տեսախցիկների և տասնյակ հավաքվածների աչքի առաջ բարձրացավ ինչ-որ մեքենայի վրա և սկսեց ոչ մարտական ատրճանակից կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահները ձեռնաշղթաներ հագցրեցին և տարան, որից հետո Կյուրեղյանն ահազանգեց, որ իրեն ոստիկանները և բերման ենթարկելիս մեքենայի մեջ են ծեծել, և Կենտրոնի ոստիկանության բաժնում է ծեծի և խոշտանգումների ենթարկվել։

Օմբուսդսմենի ներկայացուցիչներն ու նրան այցելած դիտորդական խումբը փաստեցին, որ երիտասարդի մարմնի վրա ծեծի ու խոշտանգման հետքեր, կապտուկներ եղել են։

Կյուրեղյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ Հատուկ քննչական ծառայությունում այս դրվագով քննվող քրեական գործով բոլոր ոստիկանները վկաներ են. Ստացվում է, որ կա ծեծի փաստ, կա տուժողը, բայց չի պարզվում, թե այդ մի քանի ոստիկաններից ով կարող էր նրա նկատմամբ բռնություն գործադրած լինել։

«Իհարկե, շարունակելու է Հատուկ քննչական ծառայությունը իր ոճի մեջ մնալ, ոստիկանները մինչև վերջ լինելու են վկայի կարգավիճակով, ես համոզված եմ։ Վերջում կիմանանք, որ ոչինչ չիմացանք։ ՀՔԾ-ի վերջին շրջանի նմանատիպ որոշումները հենց այդպիսին են՝ քննություն արեցինք, սա չհիմնավորվեց, նա էլ չհիմնավորվեց, ոչինչ չհիմնավորվեց։ Այս ոճի մեջ որոշում է լինելու»,- «Ազատությանն» ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով որ ՀՔԾ-ն, միանշանակ սատարում է ոստիկաններին.- «Կարծում եմ դա այսօրվա մեր պետության ներքին քաղաքականության մի մասն է։ Եթե ոստիկանը ակտիվ քաղաքացուն է ճնշում, ապա նա դառնում է անձեռնմխելի, և այդ արարքի համար նա չի պատժվելու։ Դրանով նաև ոստիկաններին են ցույց տալիս, թե ինչն է կարելի անել, նրանք էլ շատ հաճույքով դա ընկալում են, և վերջին զարգացումները՝ ոստիկանության կողմից գնալով ավելի բիրտ մեթոդների կիրառումը ցույց է տալիս, որ ազդակները տեղ են հասնում»։

Փաստաբանը համոզված է, որ ոստիկանական մեքենայում, ապա բաժնում ծեծ ու ջարդով փորձել են պատժել Կյուրեղյանին. պատժելու նույն քաղաքականությունը, ըստ Վարոսյանի, շարունակվում է այսօր, հարազատների հետ տեսակցության վրա արգելք է դրված ձերբակալման պահից։ «Դա կամայականություն է»,- ասում է նա։

Հայկ Կյուրեղյանի մտերիմ ընկերներից մեկը՝ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքներով երկու տարուց ավելի բանտում էր, մեզ հետ զրույցում քաղաքական ենթատեքստ էր տեսնում Հայկի շուրջ ծավալվող զարգացումներում։

«Հայկի հանդեպ այդ կապանքները ստեղծելը ապացուցում է, որ քաղաքական հետապնդում է, իշխանությունները դիտել են արարքը քաղաքական, ակցիան հասկացվել է, մարդիկ ընդունել են, որ ակցիա է արել իշխանությունների դեմ։ Ոչ թե ինքը հանցագործ է, ուզեցել է մեկին վնասի, այլ քայլ է կատարել իշխանությունների դեմ և դրա համար նրան պահում են անազատության մեջ։ Միայն այն, որ կա առանձնահատուկ վատ վերաբերմունք իր հանդեպ, եթե դրան ավելացնենք այն, որ իրական մարդասպանները այսօր շրջում են փողոցում և ամեն վայրկյան կարող են մարդ սպանել, սովորական ռետինե փամփուշտով ակցիա կատարած տղային անազատության մեջ պահելը այդ համատեքստում ես համարում եմ ոչ ճիշտ»,- ասաց Առաքելյանը։

Ոչ մարտական ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է ծանր հոդվածով՝ զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ, որի համար նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ «Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը, ով նրա կրակոցների պահին դատարանի բակում է եղել, վրդովված է այս մեղադրանքից։

«Երբ նա խաղալիք ատրճանակով կրակում է և ասում են, որ նա հինգ ոստիկան է վիրավորել, դա ծիծաղելի է։ Ես այնտեղ կանգնած եմ եղել, եթե էդ ոստիկանները վիրավորվել էին, առնվազն պետք է գոնե մի հատ շտապօգնություն գար, բայց չի եկել։ Սա շատ վատ օրինակ է մեր իշխանությունների համար, եթե ամեն մի մարդ, ում կոկորդին է հասել, փորձի սկզբում խաղալիք ատրճանակով, հետո գազային, հետո մարտական ատրճանակով, գուցե «Կալաշնիկովի» ժամանակը գա... բայց հարկավոր է վախեցնել, որպեսզի նման բան մտքներով չանցնի»,- ասաց Հայրապետյանը։

XS
SM
MD
LG