Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանի դատավարությունը մեկնարկեց միջադեպով


Կյուրեղյանի դատավարությունը մեկնարկեց միջադեպով
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

Հարազատներն ու համախոհները «հերոս» վանկարկումներով դիմավորեցին 31-ամյա Հայկ Կյուրեղյանին:

Դատավարությունը մեկնարկեց միջադեպով. թե ամբաստանյալը, և թե դահլիճում ներկաներից ոմանք հրաժարվեցին ոտքի կանգնել, դատավոր Արմեն Բեկթաշյանին սա դուր չէր եկավ, նա կարգադրիչներից պահանջեց դուրս հրավիրել դատարանը չհարգողներին։

Ինքը Կյուրեղյանը մեկնաբանելով իր ոտքի չկանգնելը՝ հայտարարեց, թե այս դատարանը ինքնակոչ կառավարության խամաճիկն է։

«Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, ռեժիմի դատարանն է»,- ասաց նա.- «Այս դատարաններում ոչ թե տեսել եմ արդարադատության իրականացում, այլ տեսել եմ արդարության բռնաբարում։ Դրա համար չեմ հարգում ես էս մարմինը»։

Առաջին դատական նիստն այսքանով ավարտվեց, քանի որ չէր ներկայացել մեղադրյալի պաշտպանը: Թեև Հայկ Կյուրեղյանը պատրաստակամ էր առանց փաստաբանի մասնակցել այսօրվա դատավարությանը, դատավորը նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 1-ը՝ պատճառաբանելով, թե Կյուրեղյանը կարող է միայն պաշտպանի ներկայությամբ հրաժարվել նրանից:

Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկին՝ այս տարվա հունիսի 12-ին, Հայկ Կյուրեղյանը հենց այս՝ Կենտրոնի դատարանի առջև հայտարարեց, թե Շանթին դատում են քաղաքական հայացքների համար, ինքը փորձելու է խափանել նիստը, ապա բարձրացավ տեղում կայանված մի ավտոմեքենայի վրա և սկսեց կրակել ոստիկանների ուղղությամբ: Ըստ նախաքննության, Հայկի ձեռքին եղել է «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակ, նա մեղադրվում է զենքի գործադրմամբ ու անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության, ինչպես նաև ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, մեղադրանքներից ամեն մեկը նախատեսում է 4-7 և 5-10 տարվա ազատազրկում:

Հայկի հայրը՝ Արմեն Կյուրեղյանն ասում է՝ որդին իր ազատությունը զոհաբերել է հանուն արդարության.- «Բոլոր օրինական ճանապարհներ փակված են, որ մարդ իր շահերը, իրավունքները պաշտպանի։ Նա դիմեց այդ քայլին, որպեսզի սթափեցնի, ինչ-որ մի բանի անի։ Իշխանությունը ժողովրդինն է, ոչ թե ինչ-որ խմբի»։

Մեղադրական եզրակացությունում նշվում է, թե Հայկը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով, բերման ենթարկվելիս էլ 5 րոպե անհարմարություն է պատճառել տարածքի մարդկանց։ Կյուրեղյանները դատավարությունից ակնկալիքներ չունեն, հայրը վստահ է՝ դատավորը քաղաքական պատվեր է կատարելու:

Երկու տարուց ավելի անազատության մեջ անցկացրած Տիգրան Առաքելյանն անձամբ է ճանաչում Հայկին, մամուլից է իմացել ընկերոջ արարքի մասին, ասում է՝ նա քաղաքականապես ակտիվ չէր։

«Ինչքան է հասունացել հանդարտության մեջ էս ամեն ինչը, որ կարող է Հայկի նման հավասարակշռված տղան... իզուր չի ընտրել Շանթի դատավարության օրը, զենքի տեսակը, եթե տեռորիստական ակտ կատարեր, կարող էր դանակահարել ինչ-որ մեկին։ Իր արարաքում ես ավելի շատ ակցիա եմ տեսնում, քան որևէ խուլիգանության նունիսկ մի փոքր տարր»։

Շանթ Հարությունյանի ընտանիքն ու համախոհները եկել էին Կյուրեղյանին աջակցելու։ Շանթի նախկին կնոջ՝ Ռուզան Բադալյանի գնահատմամբ՝ առաջադրված ծանր մեղադրանքն արդեն վկայում է, որ Հայկն էլ Շանթի ու ընկերների պես քաղաքական բանտարկյալ է։

«Հայկի անակնկալ էր տղաների համար, նա Հայաստանի քաղբանտարկյալներից մեկն է։ Շանթն էլ առաջին իսկ օրերից հայտարարել է, որ Հայկը իր պայքարի ընկերն է»,- ասաց Բադալյանը։

XS
SM
MD
LG