Շանթ Հարությունյանի և մյուս ընդդիմադիրների գործով առաջին նիստի օրը՝ հունիսի 12-ին, Կենտրոնի դատարանի բակից ազատազրկված Հայկ Կյուրեղյանը ևս շուտով կկանգնի դատարանի առաջ։
31-ամյա Կյուրեղյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրանքի պաշտոնապես հրապարակված մասից պարզ է դառնում, որ նախաքննական մարմինը նրա գործողություններում տեսնում է ակնհայտ դիտավորություն, հասարակության նկատմամբ իր առավելությունը ցույց տալու մղում։
Խոսքն այն երիտասարդի մասին է, ով դատարանի բակում տեսախցիկների և տասնյակ հավաքվածների աչքի առաջ բարձրացավ ինչ-որ մեքենայի վրա և սկսեց ոչ մարտական ատրճանակից կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Կյուրեղյանին առաջադրվել են զենքի գործադրմամբ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքներ, ինչի համար նա կարող է բանտում անցկացնել առնվազն 7 տարի։
Մեղադրանքի հրապարակված մասում այդ օրը կատարվածն այսպես է նկարագրվում. «Կյուրեղյանը, գտնվելով դատարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջև կայանված «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի ավտոմեքենայի տանիքին, «ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն»։ Ըստ մեղադրանքի, Կյուրեղյանը մեքենայի տիրոջը պատճառել է 284 հազար դրամի վնաս։ «Աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել է վնասվածքներ»։ Հետո ոստիկաններին «սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան»։
Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ Կյուրեղյանը կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել վաշտի հրամանատար Արայիկ Աբելյանի նկատմամբ, ով փորձել է նրան իջեցնել մեքենայի տանիքից, նա «հիշյալ ատրճանակով կրակել է Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով»։ Ըստ եզրակացության, Կյուրեղյանը իր «դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե անհարմարություն է պատճառել տարածքում գտնվող հասարակության անդամներին»։
Ոչ միայն Կյուրեղյանի պաշտպանական կողմը, այլև դեպքի ականատես ցուցարարները տարակուսած են այս մեղադրանքից։ «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեսել է, թե ինչպիսի բռնություններով ոստիկանները ձերբակալեցին երիտասարդին, բայց ոչ մի վիրավոր ոստիկան այնտեղ չի եղել։
«Հերթական գործն են սարքում»,- ասաց նա.- «Վիրավորված ոստիկան ես չեմ տեսել, եթե նույնիսկ վիրավորված ոստիկան լիներ, պետք է «Շտապօգնություն» գար, կամ իրենք իրար խառնվեին, ինչ-որ մի մեքենայով արագ իրենց ընկերոջը հասցնեին հիվանդանոց։ Այդպիսի իրարանցում կամ «Շտապօգնության» ժամանել ես չեմ տեսել և չի եղել»։
Հատուկ քննչական ծառայությունում ամիսներ առաջ հարուցվել էր քրեական գործ Կյուրեղյանի ահազանգի կապակցությամբ, որ այդ օրը ոստիկանները բերման ենթարկելիս իրեն և մեքենայի մեջ են ծեծել, և Կենտրոնի բաժնում է ծեծի և խոշտանգումների ենթարկվել։ Այսօր տեղեկացանք, որ այս մասով քննությունը շարունակվում է, բայց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, համեմատելով Կյուրեղյանին առաջադրված ծանր մեղադրանքները նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին չհայտնաբերելու փաստի հետ, եզրակացրեց՝ «ակտիվ քաղաքացուն ճնշող ոստիկանը մեր երկրում անձեռնմխելի է»։
Հայկ Կյուրեղյանին պատժելը և Վարոսյանի, և Ֆելիքս Հայրապետյանի կարծիքով կանխարգելիչ նպատակ ունի։
«Այս անգամ նա օդամղիչ ատրճանակով էր, բա որ վաղը հանկարծ հայտնվի մեկ ուրիշը ու նորմալ ատրճանակով սկսի կրակե՞լ, իսկ այդպիսի մարդիկ կարող են հայտնվել։ Մարդիկ կան, որ կոկորդներին է հասել»,- նշեց Հայրապետյանը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար «անխոհեմ» ու անբացատրելի է քաղաքական ակցիա անցկացրած երիտասարդին հետևողականորեն բանտում պահելը, առավել ևս որ, ըստ իրավապաշտպանի, ոչ ոք նրա գործողություններից չի տուժել։ Հարությունյանը զուգահեռներ անցկացրեց այս միջադեպի, ոսկու շուկայի տնօրենի անհետևանք մնացած արարքների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապվող անպատիժ հանցագործությունների միջև։
«Սուրիկ Խաչատրյանը դառնում է Հայաստանի Հանրապետությունում այս դեպքերում արդեն չափանիշ է, էտալոն։ Նրա ազատության մեջ լինելու դեպքում Հայաստանի բոլոր կալանավորները պիտի լինեն ազատության մեջ, դա միանշանակ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը.- «Իսկ այս երիտասարդին ընդհանրապես չպետք է ձերբակալեին, ես չեմ ասում կալանավորեին։ Որովհետև եթե այդ չափանիշներով են Հայաստանում չափվում արդարադատությունը, եթե այդ չափանիշների մեջ է տեղավորվում իշխանությունների տրամաբանությունը, ապա այդ չափանիշներում որևէ մեկը չպետք է լիներ բանտում՝ ոչ քաղբանտարկյալները, ոչ քրեական հանցագործները, ոչ մանր գողերը, ոչ էլ մեծ գողերը»։