«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որին անդամակցում է Նիկոլ Փաշինյանը, չի մասնակցելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ որակելով դա կեղծ օրակարգ:
Հրայր Թամրազյանի կիրակնօրյա վերլուծական ծրագրում Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ կառավարման որևէ տեսակի մոդելը չի կարող խոչընդոտել իշխանափոխությանը։
«Եթե կա երկրում ինստիտուցիոնալ ընդդիմություն, ուրեմն այդ ընդդիմությունը կարող է իշխանափոխություն իրականացնել կառավարման և նախագահական համակարգում, և խորհրդարանական համակարգում, և գործող Սահմանադրության պայմաններում, և նախկին և որևէ Սահմանադրության պայմաններում։ Ժամանակակից աշխարհում սահմանադրությունները, մանավանդ այն երկրներում, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակակագիրը, մեծ ամպլիտուդներով իրարից չեն տարբերվում»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ Փաշինյանը շեշտում է, որ այստեղ էականը ընդդիմության պատրաստվածությունն է. ինչպես «Քաղաքացիական պայմանագիր»-ն է ձևակերպում՝ այն պետք է լինի ինստիտուցիոնալ, հակառակ դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվելու է թե գործող, թե նոր Սահմանադրության պայմաններում։
«Ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության պայմաններում, երբ բանավեճ է գնում՝ կառավարման ո՞ր համակարգն է ավելի լավը, մենք երբեմն տպավորություն ենք ստանում, թե բանավեճի թեման հետևյալն է՝ «ո՞նց է լավ, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի, վերարտադրվի, դառնա վարչապե՞տ, թե՞ վերարտադրվի դառնա Ազգային ժողովի նախագահ կամ կուսակցապետ»։ Այսինքն Սահմանադրության այս կամ այն տարբերակները քննարկելով, մենք քննարկում ենք Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման այս կամ այն սցենարը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Առհասարակ, Փաշինյանի գնահատմամբ, կառավարման համակարգը հարակից է գործոն է, աշխարհում դեռ չի ապացուցվել, որ խորհրդարանական համակարգը նախագահականից լավն է կամ հակառակը.- «Դա երբեք չի եղել և չի լինի առանցքային գործոն։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք կառավարման խորհրդարանական համակարգեր, որոնք ծնել են ամենադաժան բռնապետությունները։ Մենք այսօր կարող ենք տեսնել նախագահական համակարգեր, որոնք ծնել են ոչ պակաս դաժան բռնապետություններ»։
«Քաղաքացիական պայմանագիրը», որի կառավարման խորհրդի անդամներ են նաև ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, քաղաքացիական տարբեր ակցիաներից հայտնի երիտասարդներ, շուտով դառնալու է կուսակցություն։ Փաշինյանը շտապում է ասել՝ փաստ չէ, որ ինքն է ղեկավարելու քաղաքական այս նոր կառույցը կամ որ կուսակցությունն առհասարակ ունենալու է նախագահ։
«Չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող կամ ղեկավարվող կուսակցություն, որովհետև այդ կուսակցության առանցքային սկզբունքներից մեկը լինելու է այսպես կոչված «սուպերլիդերության» բացառումը։ Հայաստանում կա պրոբլեմ՝ ստեղծում են կուսակցություններ, քարացած լիդերներով, և մենք շատ դեպքերում բախվում ենք իրավիճակների, որ կուսակցությունը դե ֆակտո չկա, կա մի կուսակցության նախագահ իր կնիքով, և այդ կարգավիճակը այլևս նրանից ոչ մեկը չի կարող խլել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր է, բայց երբեք կուսակցական չի եղել, ասում է՝ պատասխանատու պահ է, առաջիկայում հանրահավաքներ չեն անցկացնելու, շրջում են մարզերով.- «Գնում ենք, 100-150 կմ կտրում ենք, և այսպիսի մի սեղանի շուրջ հանդիպում ենք ունենում 5-6 հոգու հետ։ Սա մեր գործունեության բովանդակությունն է ցույց տալիս։ Էդ մարդկանց ասում եմ՝ եթե դուք ինձ հարցնեք, թե ես երբ եմ ԱԺ որևէ պատգամավորի հետ սեղանի շուրջ նստած քննարկել էսպիսի խորքային, լուրջ քաղաքական հարցեր, ես չեմ հիշի»։
«Քաղաքացիական պայմանագիրը» չի թաքցնում, առաջիկա ընտրություններին մասնակցելու են, նախ խորհրդարանական, հետո նաև նախագահական։
«Հայաստանում կան գործիչներ, ովքեր դողացող ձեռքերով ասում են՝ վայ, կենսագրությանս մեջ գրվի, որ ես նախագահի թեկնածու էի։ Ես էդպիսի նախագահի թեկնածու, կարող եմ խոստանալ, երբեք չեմ լինի։ Ես չեմ կարող թույլ տալ, որ մի ամիս ժողովուրդը ծափահարի, հետո հինգ տարի հայհոյի, որ հերթական անգամ տարար հերթական պարտությանը»,- ասաց Փաշինյանը։