Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակությունը դեմ է Սահմանադրության փոփոխություններին


Քաղաքացիական հասարակությունը դեմ է Սահմանադրության փոփոխություններին
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Լևոն Բարսեղյանը համաձայն չէ «բարեփոխում» ձևակերպման հետ: Միայն ժամանակը ցույց կտա Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը բարի է, թե հակառակը, թեև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավարը հիմա էլ գիտի՝ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Հանրապետական կուսակցության իշխանությունը պահպանող սահմանադրություն է գրում:

«Գագիկ Հարությունյան, բա Սահմանադրությո՞ւնն էր քեզ խանգարում, որ ընտրությունների կեղծիքների դեմ եղած բողոքները մերժում էիր և այդպիսով հաստատում էիր իշխանության հաստատումը երկրում: Կարգին մարդը վաղուց թողել-հեռացել էր էդ համակարգից, հիմա ելել ասում ես՝ Սահմանադրությունը պետք ա փոխվի՞», - ասաց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Լևոն Բարսեղյանը հիշեցնում է 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն, նույն այս իրավաբաններն էին համոզում, որ լավագույն փաստաթուղթն են ստեղծել, հիմա ինչ փոխվեց․- «Բա ինչի՞ եք հիմի ելել, ասում, որ էս եղածը լավը չէ, բա էն ժամանակ լավը գրեիք: Նույն քանդակագործներն էին աշխատում նախագծի վրա, որոնք հիմա են աշխատում և իրենք պնդում էին, որ լծակներն են փոքրանում, իշխանության թևերի տարանջատում, փոխզսպումների մեխանիզմներ ու 2008-ին ունեցանք մենք «Մարտի 1»: Կարծես թե բարեփոխված Սահմանադրությամբ եղավ այո՞, պարոն Սերժ Սարգսյան»:

Բովանդակային քննարկումները ծուղակ են, վստահ է Բարսեղյանը, քանի դեռ երաշխիքներ չկան, որ իշխանությունը չի խախտի այս նոր Սահմանադրությունը: Լինի դա իդեալական փաստաթուղթ, կմնա դարակում, եթե նպատակը ռեժիմի կյանքը երկարացնելն է:

Արգիշտի Կիվիրյանը իշխանության վերարտադրությունը կանխող մի երաշխիք կարող է հուշել․- «Օրինակ, նման մոդել կարող է լինել, որ ասենք Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ այսքան տարի զբաղվել է ընտրակեղծիքներով, եկող խորհրդարանականընտրություններին չմասնակցեր, այսինքն մի ընտրություն ինքը բաց թողներ»:

Եթե ոչ, այս հանրաքվեի արդյունքն, ըստ Կիվիրյանի, լինելու է Հանրապետական կուսակցության միապետությունը՝ արդեն ամրագրված սահմանադրությամբ:

«Եթե իրենք անկեղծ էին, այսինքն իրենց նպատակը ժողովրդավարությունն է, ապա ոչինչ իրենց չէր խանգարում թողնել «Բարգավաճ Հայաստան»-ին, որը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, և մրցակցության պայմաններում ընթանար պայքարը, բայց իրենք բնաջնջում են բոլոր ուժերին», - ընդգծեց վերլուծաբանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը համախոհների հետ նախաձեռնություն է ստեղծել՝ «Չեք անցկացնի»: Ուժեր են կենտրոնացնում, փորձում ճանապարհներ գտնել՝ կանխելու սահմանադրական փոփոխությունները:

«Հայաստանի կառավարման համակարգը միանշանակ մեկ մարդու ձեռքում կկենտրոնանա ու նաև վտանգ կստեղծի, որ նա կկարողանա կառավարել մինչև կյանքի վերջ: Ու դա Խորհրդային Միության մոդելի կամ Հյուսիսային Կորեայի տարբերակով մի համակարգ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Գիրգորյանը:

Չնայած թերություններին, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը պաշտպանում է կառավարման գործող համակարգը, որտեղ գոնե տասը տարին մեկ փոփոխությունների պատուհան է բացվում, երրորդ անգամ նույն մարդը չի առաջադրվում նախագահի պաշտոնում: Սերժ Սարգսյանն էլ 2018-ին ստիպված կլինի հեռանալ, եթե այս բարեփոխումները չանցնեն:

«Ժողովրդավարության համար կարևոր էն ինստիտուտը, ինչպիսին են ընտրությունները, մեկով կրճատվելու է, համապետական դառնալու է մեկ ընտրություն, ու դա ավելի շատ լճացման է տանելու երկիրը, քան թե զարգացման», - ասաց քաղաքագետը:

Վերհիշելով 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները թեկուզ իր հայրենի քաղաքում՝ գյումրեցի Լևոն Բարսեղյանը կարծում է, որ առաջիկա հանրաքվեն հնարավոր է տապալել․- «Եթե Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց Հայաստանի 14 քաղաքներում և էլի մի շարք համայնքներում, այս անգամ այդ ձախողումը զարգացվելու է, այսինքն, հասարակությունը էլ էն հարիֆը չէ, ամեն անգամ քթից բռնեն, ման տան: Կաշառք են բաժանելու, չի աշխատելու էդ կաշառքը»:

XS
SM
MD
LG