Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «պատրաստ է ընդունել» բարեփոխումների վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի կարծիքները


ՀՀԿ-ն «պատրաստ է ընդունել» բարեփոխումների վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի կարծիքները
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Հանրապետականը պատրաստ է ոչ միայն լսել, այլև ընդունել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի կարծիքները, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե մենք պատրաստ չլինեինք, հանրապետության նախագահը այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ չէր հանդիպի»,- ասաց Շարմազանովը։

Նախագահ Սարգսյանին անցած շաբաթ հանդիպած ընդդիմադիր որոշ ուժեր վերջնական «այո» դեռ չեն ասել։ Ոմանք պատրաստ են մասնակցել հետագա քննարկումներին՝ միայն իրենց առաջարկների ընդունման դեպքում։

Եթե Հանրապետականը մենակ մնա, կոնսոլիդացիա բարեփոխումների հարցում չձևավորվի, կգնա՞ սահմանադրական բարեփոխումների։ Այս հարցին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանեց.- «Ես չեմ կարծում, որ միայնակ կմնանք, բայց մենք հատկապես այս հարցում ավելի վճռական և հաստատակամ ենք, և կարծում եմ, որ երկու տարբերակներից որևէ մեկը՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթաց, կլինի վերջնահանգույցը»։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տասն ամիս ունի նախագծի վրա աշխատելու և այն նախագահին ներկայացնելու համար։ Այդ ընթացքում է սպասելու քաղաքական ուժերի առաջարկներին, նրանց ներկայացուցիչների հետ քննարկելու դրանք ընդունել-չընդունելու հարցը։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ քննարկումներն են կառուցողական ճանապարհը։

«Պարտադիր չէ, որ գան և մեր կարծիքը կիսեն։ Պարտադիրը կլոր սեղանի շուրջ նստել և խոսելն է։ Մեր կարծիքը կարող է փոխվել, կարող է ձևավորվել իրենց առաջարկությունների հիման վրա, կարող է փոխվել իրենցը։ Սա է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը այն չէ, որ մեկը Օպերայում կանգնում ասում է՝ ես քո էսն ու էնը, ստեղից էլ մեկը ասում է՝ ես էլ քո էսն ու էնը»,- ասաց Շարմազանովը։

Խորհրդարանական ընդդիմադիրներից միայն Հայ ազգային կոնգրեսի համար են մերժելի սահմանադրական բարեփոխումների հարցով իշխանության հետ քննարկումները։ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունն իրավունք չունի սահմանադրական բարեփոխում անել, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա վստահ է՝ Հանրապետականը գործող Սահմանադրության թերությունները վերացնելու խնդիր չի դրել, բարեփոխումների շղարշի տակ ուզում է վերարտադրվել։

«Սա այն դեպքն է, որ բիզնեսը, քաղաքացիական ուժերը, հասարակական և քաղաքական ուժերը կարող են լայն կոնսոլիդացիա ունենալ այս չարիքի դեմն առնելու»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը համոզված է՝ քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացին՝ տեսնելով ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը, զգուշացան, ընկրկեցին.- «Եղբայր, եթե դուք հայտարարում եք, որ ինքը օրինական չէ, մարտի 1-ի մեղավորն է, 150 քաղբանտարկյալների մեղավոր է, հենց ձեզ է նստացրել, դու ո՞ւմ մոտ ես գնում քննարկելու Հայաստանի սահմանադրության փոփոխությունը»։

ՀԱԿ-ը հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու համար և կոչ արել ողջ հասարակությանը համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի»։

ՀԱԿ-ը ռեաբիլիտացիայի խնդիր ունի, դրա համար է հայտարարում ռադիկալ գործողությունների մասին, կարծիք հայտնեց Շարմազանովը.- «Այս հայտարարությամբ ՀԱԿ-ը փորձում է իր դեմքը փակել, փորձում է ռադիկալ հայտարարություններ անել, որպեսզի 2017 թվականի ընտրություններին որոշակի ընտրազանգված ունենա, որովհետև դա միակ խմբակցությունն է, որտեղ այլև Տեր-Պետրոսյան քաղաքական թոշակառուի կարծիքները չեն լսում։ Էլ չեմ ուզում ասել ՀԱԿ-ից դուրս եկած մի թևի մասին, որը ղեկավարում էր Տեր-Պետրոսյանի շտաբի պետը՝ Խաչիկ Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը։ Լա՛վ, հասկացանք, Հանրապետականը սխալ է, այդքան մարդիկ բոլորը սխա՞լ էին։ Մնացել են Տեր-Պետրոսյանն, Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Իրենց խնդիրն է»։

XS
SM
MD
LG