Մատչելիության հղումներ

Մանուկյան․ «Սերժ Սարգսյանն այսօր հայտ է ներկայացնում պահպանելու իր իշխանությունը»


ԱԺ պատգամավորի համոզմամբ, Սահմանադրությունը այսօրվա ճգնաժամային վիճակի հետ բացարձակապես կապ չունի

Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի համոզմամբ, Սահմանադրությունը այսօրվա ճգնաժամային վիճակի հետ բացարձակապես կապ չունի և նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը «բլեֆ է»:

«Սահմանադրությունը ո՛չ ասում է հանցագործին մարզպետ դիր, ո՛չ հանցագործին դնում է նախարար, ո՛չ պատվեր է տալիս կուսակցություններ փակելու, մարդկանց տեռորի ենթարկելու: Սահմանադրությունն այստեղ բացարձակ կապ չունի: Սա բլեֆ է, և շուրջ երկու տարի է արդեն՝ այս բլեֆը խաղում են», - «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում երեկ հայտարարեց Արամ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով, Սերժ Սարգսյանի ներկայացրած պատճառաբանությունները, թե սահմանադրական փոփոխություններն արվում են կառավարության և խորհրդարանի ֆունկցիաների տարաբաժանման, խորհրդարանի վերահսկողական գործառույթի ավելացման նպատակով, իրականությանը չեն համապատասխանում:

«Մեկը հարցնի՝ այսօրվա պառլամենտով, այս որակի պառլամենտով դու վերահսկողություն ո՞ւմ նկատմամբ ես իրականացնում: Երբ հանցագործների մեծ մասը, բիզնեսը, օլիգարխները նստած են այստեղ, դու նրանցով ի՞նչն ես վերահսկելու, Սահմանադրությունն ի՞նչ կապ ունի դրա հետ», - հարցնում է Մանուկյանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելով, «Սերժ Սարգսյանն այսօր հայտ է ներկայացնում պահպանելու իր իշխանությունը այլ խողովակով, այն է՝ պառլամենտականի մեջ»:

Մանուկյանը վստահ է, որ հասարակությունը ստիպված է լինելու սահամանադրական փոփոխությունների թեման դարձնել «հիմնական խոսելու թեմա», որի շուրջ հասարակությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական ուժերը կբևեռացվեն:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր արդեն արձագանքներ եղան քաղաքացիական ուժերի կողմից: Դա ոգևորող է, որ քաղաքացիական խմբեր կան, որոնք գիտակցում են վտանգը Սերժ Սարգսյանի վերարտադրման և սահմանադրական փոփոխությունների անցկացման հետևանքով ստեղծված վիճակի: Նրանք արդեն գիտակցում են: Ես կարծում եմ շատ շուտով լուրջ արձագանքներ պետք է լինեն բիզնեսի աշխարհից, որովհետև բիզնեսի աշխարհն էլ շատ լավ գիտակցում է, թե Սերժ Սարգսյանի վերարտադրման դեպքում երկիրը ուր է գնալու: Իրենք հո տեսա՞ն, ինչ է կատարվում բիզնեսի աշխարհում մարդկանց հետ, ովքեր հանկարծ փորձում են քաղաքական հավակնություններ ունենալ և ես կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ բիզնեսը, քաղաքացիական ուժերը և քաղաքական ուժերը կարող են լայն կոնսոլիդացիա ունենալ այս չարիքի դեմ առնելու», - հույս է հայտնում ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

«Ազատություն TV»-ի եթերում Արամ Մանուկյանի տված հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG