Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») խորհրդարանում շրջանառության մեջ է դնում Գյումրիի սպանդին առնչվող հայտարարության նախագիծ:
«Հայտարարությունը ունի հիմնականում պահանջ, որը ներառում է մեղադրյալ Վալերի Պերմյակովին փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Եվ հենց այդ պահանջն է, որ ես կարծում եմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այս պահին, որպես քաղաքական մարմին, կարող է ընդունել և քաղաքական նաև պահանջ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան իշխանություններին», - ասաց Փոստանջյանը:
Հայտարարության նախագիծն ուղարկվել է քարտուղարություն, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այն պետք է պաշտոնապես դնի շրջանառության մեջ, ուղարկի համապատասխան հանձնաժողովին: Նախագիծը պետք է տեղադրվի խորհրդարանի կայքէջում:
Ընդդիմադիր պատգամավորը իր հեղինակած նախագիծը երեկ ներկայացրել է Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին․ - «Նախագծի տեքստ եմ իրենց ուղարկել, բայց մինչ այս պահը որևիցե խմբակցությունից որևիցե պատասխան չունեմ: Համենայն դեպս պատրաստ եմ, եթե նրանք ունեն ինչ-որ առարկություններ տեքստի հետ կապված և այլն, ես կարող եմ փոխել: Բայց պահանջը Վալերի Պերմյակովի փոխանցման պետք է ընդունվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից»:
Նրա խոսքով, թեև Հայաստանի իրավապահները վստահեցնում էին, թե վերահսկում են իրավիճակը, իսկ օպերատիվ-հետախուզական աշխատանքները իրականացրել են ռուսական կողմի հետ համատեղ, սակայն Պերմյակովը հայ-թուրքական սահմանից հայ իրավապահների մոտ հայտնվելու փոխարեն տարվել է 102-րդ ռազմակայան․ - «Եթե մեր իրավապահ մարմինները ներգրավված էին բոլոր հետախուզական գործողություններում, փաստորեն թույլ են տվել, որ 102-րդ բազայի ղեկավարությունը գա և Պերմյակովին տանի: Եվ հիմա էլ թույլ են տալիս, որպեսզի նա ապօրինի գտնվի այնտեղ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և հարգում ենք մեր և՛ Սահմանադրությունը, և՛ ինքնիշխանությունը: Եվ պահանջ ենք ներկայացնում, որպեսզի մեր ինքնիշխանությունը նաև հարգեն այլ պետության ներկայացուցիչները»:
Այն, որ ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովին փոխանցել հայ իրավապահներին, երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ընդունեց նաև Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Սակայն ՀՀ պետական սահմանը հատելու փորձ կատարած իրավախախտին հայկական կողմին չփոխանցելու փաստով քրեական գործ չի հարուցվել:
Ընդդիմադիր պատգամավորները այս կապակցությամբ հայտարարեցին, որ հաղորդում են տալիս հանցագործության մասին: Զարուհի Փոստանջյանն այժմ նախապատրաստում է նաև գրավոր ներկայացնել այն: Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատությանը» տեղեկացրին, որ հարցով կզբաղվեն գրավոր հաղորդումը ստանալուց հետո:
Իրավաբան Վահագն Դալլաքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև Պերմյակովը տարվել է ռուսական ռազմաբազա, իրավիճակն անդառնալի չէ: Նրա կարծիքով, հարցը Քրեական օրենսգրքի տիրույթում չէ․ ավելի շուտ Արտգործնախարարությունը պետք է պահանջ դնի կատարել գործող միջազգային պայմանագիրը և Պերմյակովին փոխանցել հայկական կողմին: - «Այստեղ գործում են միջազգային պարտավորությունները, որոնք համաձայն այս սպանության գործը պետք է քննեն հայկական իրավասու մարմինները: Այստեղ սխալը կայանում է նրանում, որ ռուսական կողմը քրեական գործ է հարուցել այն հանցագործության վերաբերյալ, որը նրա իրավասությանը չի պատկանում»:
Նույնիսկ երբ Պերմյակովը ռազմաբազայում է, հայկական կողմից կարող են կատարվել քննչական գործողություններ: Կարևորը, ըստ Դալլաքյանի, այն է, որ Հայաստանում կատարված սպանության գործը ռուսական կողմը չքննի: