Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյան․ Միայն դատախազը չէ, որ պետք է Գյումրիի գործով ասելիք ունենա


Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 22-ը հունվարի, 2015թ․
Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 22-ը հունվարի, 2015թ․

Պատգամավորի համոզմամբ՝ եթե Վալերի Պերմյակովը սահմանը հատելու փորձ է արել, ապա պետք է հանձնվի հայ իրավապահներին:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հայ - թուրքական սահմանի հատելու փորձ է արել, ապա պետք է քրեական գործ հարուցվեր սահմանը խախտելու փորձի դեպքով: Եվ եթե Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները, ապա նրան հայկական կողմին չհանձնելը հայ - ռուսական միջպետական պայմանագրի խախտում է, «Ազատության» «Լրատվական կենտրոնի» եթերում հավելեց պատգամավորը:

«Դրա պատասխանատուն, ըստ էության, կարծում եմ, առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը պետք է լինի, և արտաքին գործերի նախարարությունից պետք է համապատասխան հայտարարություններ արվեն և պարզաբանումներ տրվեն, թե միջպետական պայմանագրի խախտում տեղի է ունեցել, թե ոչ նշված դեպքում, և եթե այո, ապա ինչ են պատրաստվում անել», - ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը՝ արդյոք այդ պայմանագրի խախտումը հիմք չէ՞ր, որպեսզի Հայաստանի իշխանությունները կարողանային դիմել ռուսական կողմին՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորության տակ հանձնելու համար, մասնագիտությամբ իրավաբան պատգամավորն արձագանքեց, թե առայժմ բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզել է հարկավոր:

«Քանի որ ինֆորմացիան սուղ է, կա նախաքննական գաղտնիք, և հայտարարություններն իրար հակասող են եղել՝ մեկ ասում էին՝ բռնվել է սահմանը հատելիս, մեկ ասում էին՝ գյուղում, բայց եթե պարզվի, որ սահմանը հատելիս է ձերբակալվել, այսինքն՝ տեղի է ունեցել երկրորդ հանցագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է այդ դեպքով համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվի քրեական գործ», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Եվ դրա հաջորդ քայլը պետք է այն լինի, որ պետք է հարց բարձրացվի պետական մակարդակով, թե ինչպես է հանձնվել նա 102-րդ ռազմաբազային, այն դեպքում, երբ միջազգային պայմանագրի համաձայն սահմանապահ ուժերը պարտավոր էին նրան հանձնել մեր իրավապահ մարմիններին»:

«Տվյալ դեպքում, կարծում եմ, նա պետք է հանձնվեր Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև սահմանները ԱԱԾ-ի հսկողության ներքո են, և նաև Ռուսաստանի սահմանապահների հետ համագործակցությունը ԱԱԾ-ի հետ է տարվում: ԱԱԾ-ի քննչական մարմնում էլ կարող էր հարուցվել հենց նույն քրեական գործը, որը մենք այսօր [Ազգային ժողովում լսումների ժամանակ] քննարկման առարկա էինք դարձրել գլխավոր դատախազի հետ», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ կարծիք կա, որ թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Պաշտպանության նախարարությունը այս գործի հետ կապված պետք է ասելիք ունենան, սակայն բոլորի փոխարեն հարցերին փորձ է անում պատասխանել և պատասխանում է գլխավոր դատախազը, և «հենց այդ հիմքով էր, որ որոշ պատգամավորներ նշում էին, որ ակնկալում էին, որ նաև այլ մարմիններ պետք է գային և պատասխանեին հարցերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG