Պարզված չէ ռուս զինծառայողի արարքի դրդապատճառը, գրում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանը։
Գործակալությունը Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների առնչությամբ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանն ավելի վաղ միացել էր Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը։
«Ռոյթերզ»-ը նաև հիշեցնում է 1999 թվականին Գյումրիի շուկայում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանությունն ու մարդկանց վիրավորելու դեպքը։
«Նովայա գազետա»-ն գրում է, թե Պերմյակովի գործի քննությունը տեղի կունենա Հայաստանում, սակայն նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը։ Թերթը մասնավորեցնում է, որ դատավճռից հետո ռուս զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան՝ պատիժը կրելու, ավելացնելով, թե նշված սցենարի հարցում հայկական և ռուսական կողմերը համակարծիք են։
«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, թե կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստան է ժամանել «հետաքննությունը կոորդինացնելու նպատակով»։
Ռուսական այլ կայքեր, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին հաջորդած իրավիճակին, իբրև հակառուսական տրամադրությունների օրինակներ են վկայաբերում Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարգախոսով ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Կրեմլում Սերժ Սարգսյանի անակնկալ համաձայնությունից հետո։
«ԷյԲիՍի Նյուզ» կայքը, վկայակոչելով «Ասոշիեյթեդ փրես»-ը, գրում է, - «Երեխան՝ ընտանիքի միակ անդամը, որը կենդանի էր մնացել հարձակումից հետո, երկուշաբթի օրը մահացավ հիվանդանոցում»։ «Ասոշիեյթեդ փրես»-ը նաև հիշեցնում է, որ հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ձերբակալել և ռազմաբազայում է պահում ռուսական կողմը։