Մատչելիության հղումներ

Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը ևս պետք է պատասխանեն Գյումրիի դեպքի մասին հարցերին. Փաշինյան


Խորհրդարանական լսումները հետաձգելու որոշումը հասկանալի կլիներ, եթե այսօր պաշտոնապես սուգ հայտարարվեր, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Օդում մնացած հարցերից, սակայն, Փաշինյանի խոսքով իշխանությունները չեն կարողանա խուսափել, դրանց էլ պետք է պատասխանեն ոչ միայն գլխավոր դատախազը, այլև ոստիկանապետն ու ԱԱԾ ղեկավարը: Անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել, թե ինչ պայմանագրեր են գործում Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչ են նրանք նախատեսում:

«Եվ Պերմյակովին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով են տեղափոխել ռուսական 102-րդ ռազմաբազա և այ էս տեղափոխման ճանապարհի իրավական վերլուծությունը պետք է մեզ տա շատ կոնկրետ հարցերի պատասխան․ իրավունք ունեին արդյոք նրանք ձերբակալվածին տեղափոխել 102-րդ ռազմաբազա: Էդ նույն է, թե Հայաստանում ձերբակալեն և առանց Հայաստանի մարմիններին տեղյակ պահելու, նրան տեղափոխեն Ռուսաստան կամ որևէ երկիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը:

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը լսումները հետաձգելը իշխանությունների անգործության հերթական դրսևորումն է համարում: Պատգամավորը Պերմյակովին ռուսական ռզմաբազայում պահելը որակում է որպես առևանգում և հավելում՝ ռուսական կողմը, փախստականին հայ-թուրքական սահմանին բռնելով, անմիջապես պետք է հանձներ Հայաստանի պատկան մարմիններին:

«Հարցի լուծումը հետևյալն է․ պարտադիր այս ապօրինությունը պետք է վերանա և ռազմաբազայից այս անձինք պետք է տեղափոխվեն, փոխանցվեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Սա է միակ ամենաառաջնահերթ խնդիրը և պահանջը», - ասաց Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորն՝ այսօր պահանջագիր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և գլխավոր դատախազին՝ մատնացույց անելով հայ ռուսական պայմանագրի խախտումն ու պահանջելով Պերմյակովին փոխանցել Հայաստանի իրավապահ մարմիններին:

«Դաշնակցության» Գերագույն մարմինն էլ այսօր հայտարարությամբ վերահաստատել է իր պահանջը, թե «Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը և հետագայում նաև՝ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենքներին համապատասխան:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ հարցերը շատ են, հասցեատերը՝ միայն դատախազը չէ:

«Մենք շարունակելու ենք պնդել, որ այդ անդրադարձը պետք է կատարվի խորքային քննարկումների հենքի վրա: Գաղտնիք չէ, որ առ այսօր դեռևս պահպանվում է իրավական շփոթը», - ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի խոսքով, խորհրդարանը պետք է ամբողջական քննարկում անցկացնի, որիցպարզ դառնա, թե արդյոք Հայաստանի կնքած պայմանագրերը թույլ տալիս են այս հանցագործության լիարժեք բացահայտում, թե ոչ: Եթե ոչ, ապա, ըստ պատգամավորի, հարկ կլինի այդ պայմանագրերը վերանայել:

Լինի դա Պերյմակովին Հայաստանին փոխանցելու միջոցով, կամ եթե միջազգային իրավունքը թույլ չի տալիս, ապա Հայաստանի իրավապահներին լիարժեք ներգրավվելու միջոցով՝ Արծվիկ Մինասյանը կարևորում է կոնկրետ արդյունք ստանալու հանգամանքը։ Հայաստանը պետք է հասնի արդարադատության:

«Այն որ վիրավորված է մեր արժանապատվությունը, ակնհայտ է, որ վիրավորված է: Հայ ցանկացած քաղաքացու նկատմամաբ իրականացված հակաիրավական վարքագիծը միանշանակ դա պետության դեմ ուղղված հանցագործություն է, որովհետև քաղաքացին պետք է պաշտպանվի պետության կողմից», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Հանրապետական պատգամավոր, ծնունդով Գյումրիից Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ռուսական կողմը ամեն ինչ պետք է անի հասարակական պահանջին ընդառաջ գնալու համար, չնայած իրավաբանական բարդություններին, ըստ պատգամավորի, կարելի է ձևը գտնել և Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հանրապետության առաջին դեմքերը Գյումրիում չեն եղել, Ավետիսյանը պատասխանեց․ - «Իսկ ինչո՞ւ եք դուք մտածում, որ եթե Ազգային ժողովի նախագահը եկել է, դա քիչ է»:

Պաշտոնապես սուգ հայտարարելու անհրաժեշտություն ևս իշխող կուսակցության պատգամավորը չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG