Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կարծում է՝ եռյակի հանրահավաքային ալիքը մարելու է


ՀՀԿ-ն կարծում է՝ եռյակի հանրահավաքային ալիքը մարելու է
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Իշխող Հանրապետականը համոզված է՝ ոչ իշխանական եռյակի հանրահավաքային ալիքը մարելու է:

Նախ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ` ժողովուրդը շատ խելացի է և որոշ ուժերի իշխանափոխության կոչերին երբեք տուրք չի տա: Եվ հետո` Հանրապետականը կասկածի տակ չի դնում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» հեռատեսությունը:

Մելիքյան.- Ամսի 10-ին Երևանում ընդամենը հանրահավաք կլինի, բայց չեմ կարծում, որ դա ռեալ իշխանափոխության գործընթացի սկիզբը կլինի, որովհետև գտնում եմ, որ դրա համար որևէ հիմք չկա մեր հանրապետությունում։

«Ազատություն».- Իսկ եթե նրանց հաջողվի բազմահազարանոց հանրահավաք կազմակերպել, ժողովրդին մոբիլիզացնել և ժողովրդի կողմից նման պահանջ դնե՞լ։

Մելիքյան.- Չեմ ակնկալում, որ բազմահազարանոց, խոշոր երթեր, ցույցեր, միտինգներ տեղի կունենան, որոնք հանգեցնեն իշխանափոխության։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը բավականին խելամիտ կգտնվի և նման պահանջներ երբեք չի դնի։ Իսկ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից դեռևս չհիմնավորված պահանջները ոչինչ չեն նշանակում։

«Ազատություն».- Կարծես թե այս ամենում առանցքային է նաև ԲՀԿ-ի դերակատարությունը։ Երկու ուժերը բացեիբաց պահանջում են իշխանափոխություն, ԲՀԿ-ն ևս սկսել է խոսել այդ մասին և նշում է, որ եթե իսկապես հանրությունը նման պահանջ դնի, ապա իրենք այդ պահանջը իրականացնելու են։

Մելիքյան.- ԲՀԿ-ն ավելի հեռատես քաղաքական ուժ է և շատ լավ հասկանում է, որ հանրությունը նման պահանջ չի դնելու։

«Ազատություն».- Կարծում եք, ԲՀԿ-ն չի գնա՞ արմատական քայլերի։

Մելիքյան.- ԲՀԿ-ն շատ լավ է հասկանում, որ դրա կարիքը չի առաջանալու։

«Ազատություն».- Բայց այս պրոցեսների ինչ-որ մի տեղ տանելո՞ւ են։

Մելիքյան.- Տանելու են այս գործընթացի մարման։

«Ազատություն».- Եթե իշխանության առջև արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ դրեց եռյակը, դա Հանրապետականի համար քննարկման ենթակա տարբերա՞կ է։

Մելիքյան.- Չեմ կարծում, որ ընդհանրապես նման խնդիր կառաջանա, քանի որ նրանք չունեն իրենց ետևից այն բազմահազար ժողովուրդը, ինչպես իրենք ասում են, որը կցանկանային տեսնել։ Այսինքն՝ նման պահանջ ժողովրդի կողմից գոյություն չունի։ Եթե 500-600, մինչև 1000 հազար հոգի նման խնդիր է դնում, 2 միլիոն մարդ նման խնդիր չի դնում։

«Ազատություն».- Նաև նշվում է, թե ինչու է այդպես սակավաթիվ հանրահավաքը։ Նախորդ հանրահավաքը պետք է տեղի ունենար Արարատի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, քաղաքային իշխանությունները վերջին պահին մանկական համերգ էին կազմակերպել, և նրանք ստիպված փոխել էին իրենց հանրահավաքի վայրը։ Սա որպես ճնշում, հանրահավաքը տապալելու փորձ որակվեց։

Մելիքյան.- Դրանք ընդամենը պատճառաբանություններ են, որ ընդդիմությունը բերում է։ Եթե ժողովուրդը իրոք ցանկություն ունենա, անկախ մանկական ցանկացած միջոցառման, կգնա նրանց հանրահավաքներին։ Ժողովուրդը ընդամենը ցանկություն չունի։

Նշենք, որ եռյակից երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը» մարզերում անցկացված հանրահավաքների ընթացքում պարբերաբար բարձրացրել են իշխանափոխության հարցը: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «հոկտեմբերի 10-ին սկսում են իշխանափոխության գործընթաց»։ Իսկ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե այդ օրը իշխանություններին ասելու են «դավայ դասվիդանիյա»:

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» առայժմ զգուշավորություն է պահպանում և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին չի բարձրաձայնում:

«Եթե այդ հարցը այնքան կհասունանա, որ դա կլինի հանրային պահանջ, չի բերի լուրջ ցնցումների, մեր առջև որևէ տաբու չկա»,- անցած շաբաթ պարզաբանել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

XS
SM
MD
LG