Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում և Կապանում անցկացված հանրահավաքներից հետո եռյակը պնդում է՝ ժողովուրդն այսօր իշխանափոխության պահանջ է դնում:
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեցին մարզային հանրահավաքներին մասնակցող «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» ներկայացուցիչները:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք ժողովրդի կողմից ներկայացվող իշխանափոխության պահանջը կդառնա նաև եռյակի պահանջը, և արդյոք այդ մասին կբարձրաձայնվի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ: Ի պատասխան «Ազատության» այս հարցին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, թե Սերժ Սարգսյան ու Հովիկ Աբրահամյանը իրենց քայլերով օր օրի ավելի են մեծացնում իշխանափոխության անհրաժեշտությունը և հետևաբար հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքում ինքը նման պահանջի բարձրաձայնումը հնարավոր է համարում:
«Եվ կարծում եմ, ամսի 10-ին շատ ավելի բարձր նոտաներ կլինեն, քան երեկ էր, այսօր էր։ Ես [իշխանափոխության քաղաքական պահանջի] պրոցեսը տեսնում եմ»,- ասաց Մանուկյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես վստահեցնում է՝ ժողովուրդն այսօր իրենցից մեկ բան է պահանաջում.- «Շատ հստակ է, ժողովուրդը դրել է ռեալ իշխանափոխության հարց։ Մեզանից պահանջվում է իշխանափոխություն»։
Այն, որ մարզային հանրահավաքներին մասնակցող ժողովուրդը իշխանափոխության հարց է բարձրացնում, հաստատեց նաև եռյակի անդամ ԲՀԿ-ն։ Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք հաշվի առնելով ժողովրդի այդ պահանջը՝ եռյակը, այդ թվում ԲՀԿ-ն նույնանման պահանջով հանդես կգա՞ն, ԲՀԿ պատգամավորներն այսպես արձագանքեցին. - «Մենք ասում ենք, որ մենք կողմ ենք խորքային, արմատական փոփոխությունների։ Եթե դրա մեջ մտնում է նաև իշխանափոխությունը, ուրեմն մենք կողմ ենք դրան, բայց դա պետք է գա բնականոն ճանապարհով։ Միգուցե իշխանությունը ինքն էլ է արձագանքում և ասում է՝ եկեք երկխոսենք, տեսնենք ուր ենք գնում։ Եկեք չշտապենք, մենք ասում ենք՝ մենք կողմ ենք համակարգային և խորքային փոփոխություններին։ Թե դա ինչ ձևով, ինչ եղանակով, մեթոդով կլինի, կյանքը ցույց կտա»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Էլինար Վարդանյանն էլ հավելեց.- «Մենք բազմիցս նշել ենք և ևս մեկ անգամ նշում ենք, որ չկա որևէ քաղաքական հարց և քաղաքական օրակարգ, որ ԲՀԿ-ի համար լինի տաբու։ Եթե այս հանդիպումների ընթացքում ի վերջո կհասունանա և հասարակական կարծիքը կլինի այնպիսին, որ կդրվեն կոնկրետ պահանջներ, ապա համոզված եղեք, որ ԲՀԿ-ն առաջնորդվելու է մարզային հանրահավաքների ընթացքում ձևավորված հանրային կարծիքով»։
Լրագրողները փորձեցին ավելի կոնկրետացնել՝ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։
«Եթե այդ հարցը այնքան կհասունանա, որ դա կլինի հանրային պահանջ, չի բերի լուրջ ցնցումների, մեր առջև որևէ տաբու չկա»,- ասաց Միքայել Մելքումյանը։
«Այն պահին, երբ կլինի հանրային պահանջ, այդ պահին կձևավորվի նաև մեր դիրքորոշումը»,- հավելեց Էլինար Վարդանյանը։
Մինչդեռ Հայ հեղափոխական դաշնակցությունը ժողովրդի ետևում թաքնվելով նրա անունից խոսելը ճիշտ չի համարում, հատկապես, որ դժվար է ասել, թե ժողովուրդն ի՞նչ է ուզում: Ավելին՝ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը գործընկերների այս մեկնաբանությունները շահարկում է որակում։
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա, կորոշի, թե ինչ պիտի անենք, պարզ մանիպուլյացիա [են անում], սա պատասխանատու քաղաքական գործչի, քաղաքական կուսակցության անելիք չէ՝ ժողովուրդը կորոշի, ես կանեմ... թաքնվել ժողովուրդ բառի ետևում, ժողովրդի անվան տակ ճիշտ չէ»,- ասաց Վարդանյանը։
Աղվան Վարդանյանը այնքան էլ օգտակար չի համարում եռյակի գործընկերների 8-9 հանրահավաքների անցկացումը, քանի որ ամեն տեղ նույն բան են ասելու, իսկ ասվածն խոսքն էլ ի վերջո մաշվելու է:
Եթե Դաշնակցությունը դժվարանում է ասել, թե ժողովուրդն իշխանափոխություն ուզում է, թե՝ ոչ, ապա Հանրապետականը վստահ է ՝ 70 տոկոսը չի ուզում: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է 1000 մարդու կարծիքը չվերագրել ամբողջ ժողովրդին:
«Իսկ ինչքա՞ն մասն է, որ չի ցանկանում իշխանափոխություն։ Հիմնականում 70 տոկոսի մոտ չկա այդ դժգոհությունը և այդ պահանջները»,- պնդեց Բաղդասարյանը։