Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն «նայում է ժողովրդի տրամադրությանը»


Հայաստան – Արարատցիները մասնակցում են ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, 3-ը հոկտեմբերի, 2014թ․
Հայաստան – Արարատցիները մասնակցում են ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, 3-ը հոկտեմբերի, 2014թ․

Խորհրդարանի ոչ իշխանական եռյակի կազմում իշխանություններին խստորեն քննադատող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մարզային հանրահավաքների ժամանակ պարբերաբար ժողովրդին են դիմում հարցով՝ իշխանափոխություն ուզո՞ւմ եք, թե ոչ: «Ազատության» հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչները սա համարում են «հստակ դիրքորոշում»:

Վերջին հանրահավաքում՝ Իջևանում, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հայտարարելով, թե հանրությունը կրակն է ընկել իշխանության ձեռքում՝ հարցով դիմեց հանրահավաքի մասնակիցներին, թե արդյոք նրանք ուզում են, որ երկրում փոփոխություն լինի, իշխանափոխություն լինի, ինչին ի պատասխան մասնակիցների շարքում հնչեց՝ այո:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իշխանափոխության մասին խոսելիս ևս դիմեց հանրահավաքի մասնակիցներին՝ ուզո՞ւմ եք փոփոխություններ, ուզո՞ւմ եք իշխանափոխություն: Պատասխանը կրկին այո էր։

Քննադատելով իշխանություններին՝ Միքայել Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համադրելու են մի շարք հանգամանքներ՝ կառավարությանն ուղղած իրենց հարցադրումների պատասխանները, ժողովրդի պահանջը, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը և հետո որոշում են կայացնելու։ Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի նման ԲՀԿ-ը ևս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մելքումյանն արձագանքեց․ - «Դուք ուզո՞ւմ եք, որ էդ բոլոր կուսակցությունները համարյա նույն ձևակերպմամբ նույն կարծիքը ունենա՞ն: Մենք նայում ենք ժողովրդի տրամադրությանը, տեսնում ենք՝ նրանք ինչ են ուզում: Զուգահեռաբար կառավարությանը հարցադրումներ ենք արել: Պետք է գնահատել՝ դա կատարում է, թե չէ: Մենք ունենք մեր սցենարը մեր ծրագրային մոտեցումը և շարժվում ենք առաջ»:

Դեռևս սցենարի մանրամասները բացել չցանկացող Մելքումյանի գործընկեր՝ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում լավատեսություն հայտնեց՝ ընդգծելով, որ վերջին հանրահավաքին ԲՀԿ կողմից իշխանափոխության պահանջը հստակ դրվեց:

«Բարգավաճը այնքան հասուն քաղաքական ուժ է, որ եթե տեսնում է, որ հրապարակը պահանջում է իշխանափոխություն, ինքը բնականաբար կգնա ընդառաջ, իսկ իրականում գտնում եմ, որ դինամիկան էդպիսին է, գնալով իշխանափոխության պահանջը մեծանում է», - ասաց Մանուկյանը:

Մարզային հանրահավաքներ նախաձեռնած ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները համոզված են, որ հանրությունն իշխանափոխություն է ուզում, և որ հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին կքննարկեն նաև հենց այս պահանջը։ Չնայած եռյակը դեռևս չի հրապարակայնացնում երևանյան հանրահավաքի օրակարգը, սակայն մինչ օրս մարզերում անցկացված հանրահավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացում եռյակի կազմի ուժերից հստակորեն պահանջել է Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG