Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Դժվար է հասկանալ, թե որն է եռյակի քաղաքական պահանջը»


ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Ընդդիմադիր գործչի խոսքով, եթե ձևակերպված չէ՝ ինչ է արվում, շատ դժվար է ասել՝ այդ անելիքին համաձա՞յն ես, թե՞ ոչ։

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ գործող իշխանությունը ի վիճակի է երկրում բարեփոխումներ իրականացնել։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունը բարեփոխում է անում, ապա կոնկրետ շահ է հետապնդում։ Ընդդիմադիր գործիչն «Ազատության» հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ բարեփոխում բառը «վարկաբեկումների է ենթարկվում»։

«Տեսեք՝ թվում է, թե շրջանառության հարկի մասին օրենք ընդունվեց, որտեղ հարկը 3 տոկոսից դարձվեց 1.5 տոկոս, բայց հիմա պարզվում է, որ այն 3 տոկոսը ավելի լավ էր կոնկրետ գործարարությամբ զբաղվող մարդկանց համար, քան 1.5 տոկոսը։ Այսինքն՝ իշխանությունն իր բովանդակությամբ որևէ բարեփոխման ի վիճակի չէ, և եթե նա ինչ-որ բան անում է, նշանակում է՝ հետապնդում է իր կոնկրետ շահը, ընդ որում, էդ շահը պարտադիր մի ինչ-որ կետի պետք է հնարավոր լինի արտահայտել՝ կոնկրետ դոլարով, եվրոյով կամ, ասենք, թանկարժեք մետաղներով։ Կարծես թե փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, որ քաղաքացիները որ ուղղությամբ էլ գնան՝ հայտնվեն նույն տեղում», - ասաց Փաշինյանը։

Հոկտեմբերի 10-ի հանրապետական հանրահավաքին ընդառաջ սեպտեմբերի 25-ից ոչ իշխանական եռյակը հանրահավաքներ սկսեց Հայաստանի մարզերում։ Փաշինյանը նշում է, որ եռյակն արդեն չորս մարզային հանրահավաք է անցկացրել, բայց մինչ օրս իր քաղաքական պահանջը չի ձևակերպել։

«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ ձևակերպել ենք և ասել ենք, որ որպեսզի մենք կարողանանք գնահատական տալ տեղի ունեցողին, պետք է շատ հստակ ձևակերպվի, թե ինչ է տեղի ունենում։ Դժվար է հասկանալ, թե որն է եռյակի քաղաքական պահանջը. հարթակից հնչում են տարբեր կոչեր, ընդհուպ՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», «իշխանափոխությո՛ւն», բայց երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ՀԺԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց կուսակցության օրակարգը քառյակի առաջադրած 12 կետերն են», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 12 կետերը «քաղաքական էսկալացիոն պոտենցիալ» չունեն. - «Որովհետև էդ կետերի մի մասը ինչ-որ տոկոսով իրականացվել է, մյուս մասերը ինքնաբերաբեր են իրականանում, այնտեղ կան կետեր, որոնք չեն իրականացվել և գուցե թե չիրականացվեն, և դրանք արդեն իշխանությունը կփորձի տեղափոխել սահմանադրական փոփոխությունների կոնտեքստ»։

«Այսինքն՝ ամսի 10-ին տեղի է ունենում հանրահավաք, որն է այդ հանրահավաքի պահանջը՝ սա մեզ համար շատ կարևոր է, որովհետև եթե ձևակերպված չէ, թե ինչ է արվում, շատ դժվար է ասել՝ էդ անելիքին դու համաձա՞յն ես, թե՞ ոչ», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG