Ոչ իշխանական եռյակը ուրբաթ օրը ստիպված եղավ Արարատի մեկ այլ հրապարակ տեղափոխել նախապես հայտարարված հանրահավաքը, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում քաղաքային իշխանությունները մանկական համերգ էին կազմակերպել:
Հանրահավաքի ժամին այստեղ հնչում էր բարձր երաժշտություն, հրապարակում տեղադրված տարբեր բեմերի վրա ցուցադրվում էին կրկեսային ու պարային համարներ, նույնիսկ խաղային ատրակցիոններ կային, երեխաներին զվարճացնում էր լարախաղացը:
Հրապարակում հիմնականում պետական հիմնարկների աշխատողներ էին, չէին թաքցնում, որ ղեկավարությունն է ասել, թե պետք է համերգ գնալ: Շատերը մանկական համերգին մասնակցում էին առանց երեխաների։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում՝ նրա ազդեցության տակ գտնվող Արարատի մարզում, ընդդիմադիրների հանրահավաքները որպես կանոն միջադեպերով են ուղեկցվել՝ ծեծ, քաշքշոց:
Այս հանրահավաքի առաջին շարքում կանգնած մի քանի կանայք էին ամոթանք տալիս հարթակից ելույթ ունեցողներին, սուլում էին, խանգարում խոսել, պահանջում էին հեռանալ:
«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը դատապարտեց Արարատի քաղաքապետի գործելաոճը, ասում էր՝ իշխանություններն ավելի ազնիվ կլինեին խոստացած սառը ցնցուղը կյանքի կոչեին։
«Քաղաքապետը շատ ավելի ազնիվ կլիներ, եթե այսօր այնտեղ պարեր, ոչ թե երեխաների ետևում թաքնվեր»,- ասաց նա։
Ամենաշատը ելույթ ունեցան «Բարգավաճ Հայաստան»-ի երիտասարդ պատգամավորները՝ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, հավաքը վարող Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ասաց՝ երկրում բացասական սպասումների ֆոն է, չենք կարողանում դուրս գալ այս իրավիճակից։ Պատգամավորն անդրադարձավ քառյակի 12-ին կետերին՝ կառավարության հրապարակած պատասխաններին։
«Ասում են՝ մեր ծրագրերում դա կա, ասում ենք՝ այ ընկեր ջան, մենք քեզ չենք ասում՝ քո ծրագրում կա, թե չկա, մենք ասում ենք՝ դու կատարո՞ւմ ես, հարցը լուծո՞ւմ ես, թե չես լուծում։ Եվ էդ պատասխանները չենք ստանում»,- ասաց Մելքումյանը։
Ոչ իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը ամբողջական իշխանափոխության մասին չխոսեց, օգտագործում էին ընդհանուր ձևակերպումներ՝ «արդարացնել սպասումները»-ը, «փոփոխություններ» և այլն: Մինչդեռ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, «Ժառանգության» համար այս գործընթացում հենց իշխանափոխության խնդիր է դրված։
«Հայաստանում եզակի իրավիճակ է ստեղծվել, իշխանությունը մենակ է մնացել, ընդ որում իր ներսում էլ խմորումներ կան։ Հայաստանում եզակի իրավիճակ է ստեղծվել՝ խորհրդարանի երեք ուժերը այսօր միասնաբար կանգնած մեկ պայքար են իրականացնում՝ երկրում արմատական փոփոխություններ իրականացնելը։ Մենք բոլորս այս հնարավորությունից պետք է օգտվենք մինչև վերջ։ Այլ շանս չի լինելու»,- ասաց Մարտիրոսյանը։
Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը արարատցիներին պատմեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ իշխանությունների հետ այս օրերին անցկացրած բանակցություններից եզրակացրել է՝ Հանրապետականը ոչ մի զիջման չի գնալու։
«Սա մարտահրավեր է ժողովրդին։ Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը հաղթում է և բոլորիս քշում է Հայաստանից։ Մինչև ուխտի ծարավը մինչև վերջ չհագենա, հարկավոր է էս մարդկանց ասել՝ թողեք էս երկիրը, գնացեք, էս երկրի տերերը քաղաքացիներն են։ Եվ դո՛ւք, մե՛նք հոկտեմբերի 10-ին գնալու ենք էս մարդկանց ասենք՝ վեր կացեք, դավայ դասվիդանիյա»,- ասաց Մանուկյանը։