Մատչելիության հղումներ

Միհրանյան․ Հայաստանի անդամակցության հարցում Նազարբաևի կարծիքը «վճռական չէ»


Ղազախստան – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Ղազախստանի իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ Աստանայում անցկացված գագաթաժողովի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․
Ղազախստան – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Ղազախստանի իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ Աստանայում անցկացված գագաթաժողովի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի համոզմամբ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը լուծված է, և համապատասխան պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին:

«Հոկտեմբերին շատ հնարավոր է՝ մենք կլինենք մասնակիցը: Հայաստանը կլինի իսկապես Եվրասիական միության կազմի մեջ: Համենայնդեպս այսպիսի ժամանակացույց կա», - չորեքշաբթի երեկոյան Երևանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնեց Միհրանյանը:

Քաղաքագետից, ով ղեկավարում է ռուսաստանյան պետական ֆինանսավորմամբ գործող Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան մասնաճյուղը և համարվում է Պուտինի վարչակազմի տեսակետները հանրությանը ներկայացնող մեկը, հետաքրքրվեցինք՝ ո՞րն է, այնուամենայնիվ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառը:

«Իհարկե, Ալիևը Նազարբաևին նամակ էր ուղարկել: Նա այդ նամակը հնչեցրեց: Բայց հարցը նրանումն էր, որ դա արդեն Հայաստանի ու Սերժ Սարգսյանի պրոբլեմը չէր, սա արդեն Պուտինի պրոբլեմն էր: Եվ նա այդ հարցը լուծեց», - պատասխանեց Միհրանյանը: - «Իհարկե՝ հետաքրքիր է Նազարբաևի կարծիքը, բայց վճռական չէ: Վճռական կարծիքները կան ուրիշ մարդկանց մոտ, այդ մարդիկ արդեն որոշեցին այդ հարցը», - հավելեց նա՝ նշելով, որ Հայաստանի անդամակցության հարցը «միանշանակ» լուծված է:

Հիշեցնենք՝ ս․թ․ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ընթերցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրեն ուղղված նամակը, պահանջեց, որ Հայաստանը համաձայնի միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Հայաստան -- Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը սեպտեմբերի, 2014թ․
Հայաստան -- Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը սեպտեմբերի, 2014թ․

Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի ստեղծման հարցին, Անդրանիկ Միհրանյանը նախ հայտարարեց, որ դա արհեստականորեն ստեղծված հարց է ու հավելեց․ - «Կուզենայի տեսնել այդ մաքսակետը: Ինձ համար շատ ծիծաղելի կլիներ: Բայց ինձ թվում է, որ այդ մաքսակետում բոլոր հարցերը կլուծվեին ամենափայլուն ձևով»:

XS
SM
MD
LG