Մատչելիության հղումներ

«Բյուջեն հազիվ-հազիվ է կատարվում»․ Հրանտ Բագրատյան


«Բյուջեն հազիվ-հազիվ է կատարվում»․ Բագրատյան
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ ներկայիս կառավարությունում չկա տնտեսության զարգացման ռազմավարություն:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ «պետբյուջեն համարյա սկսել է չկատարվել»:

Նման հայտարարություն Բագրատյանն արեց «Ազատության» հետ զրույցում՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքներին:

Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Ազատության» հետ զրույցում խոստովանեց, որ ռիսկեր կան, որ այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները կարող են չապահովվել:

«Բյուջեն հազիվ-հազիվ կատարվում է, համարյա սկսել է չկատարվել: Իհարկե, սա նաև հետևանք է այն բանի, որ նախորդ կառավարությունը անհասկանալի մի բյուջե էր բերել, որը մեծամասնությունը ընդունեց: Դրան ավելացավ կուտակայինը, որը պակասեցնում է ռեսուրսները երկրի ներսում», - ասաց Հրանտ Բագրատյանը:

1990-ական թվականներին Հայաստանի կառավարությունը երկու անգամ գլխավորած Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, չնայած հայտարարություններին, մինչ օրս իշխանություններն այդպես էլ չեն կարողացել խոշոր գործարարներին բերել հարկային դաշտ:

Վարչապետի պաշտոնին նշանակվելուց շատ չանցած՝ մայիսի 15-ին Հովիկ Աբրահամյանը կոչ արեց խոշոր գործարարներին դուրս գալ ստվերից՝ այլապես խոստանալով օգտագործել կառավարության լծակները, որպեսզի, ինչպես ասաց Աբրահամյանը, «կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տանք»:

«Բայց էստեղ խնդիրը այն էր, որ խոշորին բերենք հարկային դաշտ: Եթե անգամ բերի կառավարությունը․․․ նախ՝ դեռ չի բերել, դեռ չի կարողանում բերել կամ պարզապես ասում է միայն, բայց եթե անգամ բերի, խոշորն ունի առավելություն: Եթե նույն հարկային համակարգը պահպանվում է, խոշորը կարողանում է աշխատել, փոքր ու միջինը՝ ոչ», - նշեց նախկին վարչապետը:

Անցած նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Բազմաթիվ գործարարների, փորձագետների համոզմամբ, այսօր հայաստանյան տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտը մոնոպոլիաներն են, որոնց գլխին կանգնած օլիգարխները սերտաճած են իշխանության հետ:

Ըստ Բագրատյանի՝ մենաշնորհների դեմ պայքարի որևէ նախաձեռնություն չկա, և այդ առումով իրավիճակը շարունակում է մնալ նույնը․ - «Մեզ էս պահի դրությամբ որևէ նորություն հայտնի չէ: Շարունակում է մնալ ինչպես նախորդ տարիներին: Գուցե ես ինչ-որ բանից, ներողություն, տեղեկացված չեմ, ինձ հայտնի չէ կոնկրետ որոշում, կամ որևէ քայլ․․․ Այսօր Ազգային ժողովի սեղանին չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն, որ այդ ուղղությամբ է»։

Նախկին վարչապետը ընդհանուր առմամբ շեշտակի փոփոխություններ չի տեսնում․ - «Կարելի է նշել, որ ի տարբերություն նախորդ կառավարության՝ տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը 3.1 տոկոսից առաջին եռամսյակի դարձել է 4.1 տոկոս 7 ամսվա արդյունքներով, բայց սա այն չէր, ինչին մենք սպասում էինք» :

Հրանտ Բագրատյանը համոզված է, որ ներկայիս կառավարությունում չկա տնտեսության զարգացման ռազմավարություն, քանի որ լուծված չէ մի խոշոր հարց՝ «վերջապես Հայաստանը ո՞ւր է գնում»:

«Երեք ճանապարհ կար՝ Եվրոպա, Եվրասիական միություն և ոչ մի տեղ չգնալ: Երեքն էլ ենթադրում էին տնտեսական և քաղաքականության ռազմավարության տարբեր մոտեցումներ: Դեռևս էս նույն կառավարությունը ինքը չգիտի, թե ինքը ինչ է անելու, որովհետև այսօր ստեղծված է այնպիսի վիճակը, որ Հայաստանը ստիպված է գործելու հանգամանքների բերումով: Բայց Կառավարությունը կարող էր գոնե մի 2-3 տարբերակ ունենալ: Այ սա կառավարության սխալն ու մեղքն է», - եզրափակեց Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG