«Ոչ Մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսներով մի քանի տասնյակ մարդիկ Ազատության հրապարակից այսօր բողոքի երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր:
Խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերից ցույցին ներկայացված էր միայն «Ժառանգությունը»-ը։ Կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն ընթերցեց Սերժ Սարգսյանին ուղղված նամակը։
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ և անհեռանկար «Մաքսային միություն» ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին։ Եվ մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական նկրտումներն ու ամբիցիաները բավարարելու համար։ Չենք ընկրկելու ոչ միայն ռուսական ստրկամտության, այլև երկիրը զավթած անօրենների առջև»,- ասված էր նամակում։
Նախաձեռնության անդամները պնդում են, թե ռազմավարական դաշնակցի ու անվտանգության երաշխավորի քողի տակ Ռուսաստանն իրականում թուլացնում է Հայաստանը, խլում երկրի սեփականությունը, մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգություններ իրականացնում:
Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս ցուցարարներին մոտենալ նախագահական նստավայրին, միայն երկու երիտասարդների հաջողվեց անցնել մայթը։ Իրավապահները, սակայն, ուժի գործադրմամբ, հրելով րոպեների ընթացքում հեռացրին նրանց տարածքից:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վստահ է, որ տնտեսական վնասներից զատ Երևանը ժողովրդավարական նվաճումների կորուստ է ունենալու՝ նմանվելով Մինսկին, Աստանային ու Մոսկվային։
«Ռուսաստանի այն խայտառակ օրենսդրությունը, որը նպատակ ուներ և արդեն կոնկրետ կյանքի է կոչում ճնշումները քաղաքացիական հասարակության, այլ կարծիք ունեցողների, բազմակարծության նկատմամբ, շատ հնարավոր է, որ արտահանեն դեպի Հայաստան։ [ՌԴ դեսպան] Վոլինկին կոչեցյալի հայտարարությունների մեջ դրանք արդեն եղել են։ Պատական չեն լինում այդ ռեպլիկները, ուրեմն արդեն կա ինչ-որ մի գաղափար՝ «ինչ կլինի, որ Հայաստանը զսպի իր ավել-պակաս խոսողներին, էս ինչո՞ւ եք սրան եթեր տալիս» և այլն»,- նկատեց Բարսեղյանը։
Բարսեղյանը հիշեցնում է՝ ընդդիմադիրների օրակարգում ինքնիշխանության կորստի հարցը չկա, մինչդեռ Մաքսային միությամբ փաստացի կյանքի կոչվեց Արցախը Հայաստանից կտրելու ծրագիրը.- «Սերժ Սարգսյանի բռնած անհաջող գործի մասին է վկայում է նաև այն, որ Հայաստանը և անգամ այն ներկայացնող Սերժ Սարգսյանը երևի որևէ կշիռ չունի այդ հարցերի մեջ, և անցած մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեսանք, որ Պուտին, Նազարբաև, Լուկաշենկո, ռուսական խեղկատակ խոսնակներ Հայաստանին իր անկյունն էին ցույց տալիս, թե «դեռ ձեր պարելու ժամը չի եկել, խելոք նստեք, աջ քաշեք, կանգնեք»»։
Ցույցին մասնակցում էին Շանթ Հարությունյանի ընկերներն ու համակիրները։ «Շանթ և ազատություն» հիմնադրամը ներկայացնող Ֆելիքս Հայրապետյանը կարծում է, Շանթին մոտ մեկ տարի ճաղերի հետևում պահելով՝ իշխանությունները մյուսներին են վախեցնում՝ չընդվզել այս միության դեմ։
«Նրանք, ովքեր կատարում են Ռուսաստանի պատվերը և ձերբակալեցին իրեն և տղաներին, այսօր էլ ցանկանում են ապացուցել, որ իսկապես շատ ավելի ռուսամետ են, քան հենց իրենք՝ ռուսները։ Դրա համար էլ Շանթին և ընկերներին առայժմ կպահեն»,- ասաց Հայրապետյանը։
Մայդանի համերաշխության կոմիտեի անդամ Գայանե Առուստամյանն ասում է՝ Ռուսաստանն այժմ աշխարհի հետ խնդիրներ ունի, դրա համար ժամանակ չի տրամադրում Հայաստանի անդամակցությանը, Մոսկվայի ձեռքին Երևանն ընդամենը գործիք է, որը կօգտագործի ցանկացած պահին։
«Վստահ է, որ իր այս ֆորպոստը իրենն է, քանի դեռ այստեղ իշխում են Կրեմլի վասալները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի»,- ասաց Առուստամյանը։
Օրվա երկրորդ կեսին էլ Բաղրամյան 26 էր եկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Սերժ Սարգսյան ստրկացիր ինքդ, հայ ժողովուրդն ազատ է» կարգախոսի ներքո Հայրիկյանը նախագահին հրաժարականի պահանջագիր փոխանցեց։
Նրա գնահատմամբ Ռուսաստանի դեմ բանեցվող պատժամիջոցների ֆոնին իրավիճակը դառնում է ճգնաժամային, Վրաստանը կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը, իսկ առաջինը կտուժի Հայաստանը՝ վերջնականապես մեկուսանալով։
«Մենք հայտնվելու ենք ծայրահեղ իրավիճակում։ Անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել և պուտինյան Ռուսաստանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Հայաստանը զերծ պահել միջազգային մեկուսացման և պատժամիջոցների թիրախ դառնալու կործանարար վտանգից»,- ասաց Հայրիկյանը։
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ԱԻՄ առաջնորդը ասաց.- «Դու մարդ ես, դու հայ ես, պիտի հասկանաս, թե ինչ փորձանքի առաջ ես կանգնեցրել հայ ժողովրդին։ Աշխարհի որ ժողովուրդը կկամենա ունենալ պաշտոնապես խաբեբա ճանաչված նախագահ»։
Իր ուղերձն անարձագանք թողնելու դեպքում Հայրիկյանը սեպտեմբերի 8-ից հացադուլ է սկսելու: Ասում է Սերժ Սարգսյանը գոնե սահմանային վերջին միջադեպերից պետք է հետևություններ աներ՝ Հայաստանում ռազմաբազա ունեցող Ռուսաստանը լուռ էր։
«Ի դեմս Ռուսաստանի՝ այսօր աշխարհը ունի համար մեկ փորձանք և գլխացավ։ Ռուսաստանը այսօր ձեռնոց է նետել իրենից մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր պետություններ առողջ, քաղաքակիրթ համագործակցությանը։ Այս պայմաններում Ռուսաստանից կառչած մնալը նշանակում է Ռուսաստանի բոլոր հակառակորդներին այս տարածաշրջանում որպես հակառակորդ ընկալել հայերիս»։