Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային խնդիրը Ռուսաստանի ագրեսիան է


«Թայֆուն» տեսակի կործանիչի մոդելը Celtic Manor Hotel համալիրում, որտեղ հավաքվելու են ՆԱՏՕ-ի ղեկավարները, Նյուպորտ, Հարավային Ուելս, 3 սեպտեմբերի, 2014թ.
«Թայֆուն» տեսակի կործանիչի մոդելը Celtic Manor Hotel համալիրում, որտեղ հավաքվելու են ՆԱՏՕ-ի ղեկավարները, Նյուպորտ, Հարավային Ուելս, 3 սեպտեմբերի, 2014թ.

Հյուսիսատլանտյան դաշինքը վերանայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Այսօր Ուելսում գումարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, որը պետք է վճռական որոշումներ ընդունի ռուս-ուկրաինական արյունալի առճակատման կապակցությամբ։

Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ն հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, թե դաշինքը պետք է ընդունի որոշումներ, որոնք թույլ կտան պաշտպանել անդամ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը։

Այդ որոշումները պետք է վստահություն հայտնեն այն անդամ-երկրներին, որոնց մտահոգում է Ռուսաստանի ագրեսիայի վտանգը։

Նախօրեին Տալլինում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ՆԱՏՕ-ն գագաթնաժողով է գումարելու որպես Ուկրաինայի դաշնակից, որի 28 անդամները սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և սեփական տարածքը պաշտպանելու իրավունքը։

Ի պատասխան այս ճգնաժամի, ՆԱՏՕ-ն արդեն ձեռնարկել է արևելյան անդամ-պետությունների անվտանգությունը խթանելու միջոցներ։ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ամրացնի իր դիրքը Արևելյան Եվրոպայում և նկատել տա Ռուսաստանին, որ սպառնալիքները ՆԱՏՕ-ի, կամ դաշինքի առանձին անդամների հասցեին պարզապես անընդունելի են։

Այդ նպատակին հասնելու համար ՆԱՏՕ-ն ծրագրելու է նոր զորավարժություններ, կառուցվածքային փոփոխություններ, տեխնիկայի և անհրաժեշտ սարքավորումների ու համակարգերի վերադիրքավորում և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ընդարձակում։

ՆԱՏՕ-ն հայտնում է, որ Ռուսաստանի հետ անցած տարիներին իրականացված համագործակցությունը ներկայումս անհնարին է հարևան երկրների հանդեպ այդ պետության ապօրինի գործողությունների հետևանքով։

«ՆԱՏՕ-ն ստիպված է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված սկզբունքները»,- ասվում է գագաթնաժողովից առաջ դաշինքի հրապարակած հայտարարագրում։

Ուելսում այսօր մեկնարկող գագաթնաժողովը կտևի երկու օր։

XS
SM
MD
LG