Օգոստոսի 30-ին Եվրամիության գագաթնաժողովն ընտրեց Եվրոպական խորհրդի և Եվրամիության արտաքին քաղաքականության նոր ղեկավարներ։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Հերման վան Ռոմպոյին այս տարվա դեկտեմբերից կփոխարինի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, իսկ Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին այս տարվա նոյեմբերից կփոխարինի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու, բրիտանուհի Քեթրին Էշթոնին։
Ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն այդ երկու նոր բարձրաստիճան պաշտոնյաները ռուս-ուկրաինական առճակատումը և ավելի ընդարձակ համատեքստում` Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում ի հայտ եկած վտանգավոր ճգնաժամը կարգավորելու հարցում։
57-ամյա աջակենտրոն քաղաքական գործիչ Տուսկն, ով ներկայումս երկրորդ անգամ է ղեկավարում Լեհաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո հրավիրած իր անդրանիկ ասուլիսում հայտնել է, որ Ուկրաինայի հարցում Եվրամիությանն անհրաժեշտ է խիզախ, բայց ոչ արմատական դիրքորոշում, որի վերջնանպատակը պետք է խաղաղությունը լինի։
«Կարծում եմ, մենք դեռ շատ կանդրադառնանք այդ [ռուս-ուկրաինական հակամարտության] խնդրին, բոլորիս միավորում է մեկ գաղափար. լուծումը պետք է խաղաղություն բերի»,- ասել է Տուսկը։
41-ամյա ձախակենտրոն գործիչ Մողերինին այս տարվա փետրվարին է նշանակվել Իտալիայի արտգործնախարար, 2008 թվականից Իտալիայի խորհրդարանում էր, բացի այդ, իր երկիրը տևական ժամանակ ներկայացրել է Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում։
«Մենք փորձել ենք նպաստել ռուս-ուկրաինական երկխոսությանը։ Բոլորս գիտակցում ենք, որ ռազմական լուծում չկա, նախևառաջ հենց ուկրաինացիներին այն ոչինչ չի տա»,- ասել է Մողերինին։
Փորձագետներն, ի դեպ, մի ուշագրավ հանգամանք են նշում․ փաստորեն Տուսկի և Մոգերինիի ընտրությունները որոշ իմաստով մեկը մյուսին հավասարակշռող և փոխլրացնող են։ Եվրամիության արևելքը ներկայացնող երկրներից Լեհաստանը Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների աջակից է, մինչդեռ, Իտալիան դասվում է պատժամիջոցների հարցում առավել մեղմ որոշումների հակված երկրների շարքը։
Արևմուտքը վճռել է այս շաբաթվա ընթացքում մշակել նոր պատժամիջոցների փաթեթը։ Վերլուծաբանների համոզմամբ, Եվրամիությունը պատժամիջոցների հարցում որոշակի վերապահումներ է ունի, քանի որ Ռուսաստանն այդ հսկայական կազմավորման երրորդ խոշոր առևտրային գործընկերն է և նավթի ու գազի ամենախոշոր մատակարարներից մեկը։
Սակայն, ըստ վերլուծաբանների, Մոսկվայի չափազանց ագրեսիվ քայլերը ի վերջո, կարող են ստիպել Արևմուտքին` թեկուզ տնտեսական կորստի գնով, սահմանել այնպիսի ծանր պատժամիջոցներ, որոնք աներևակայելի բարդ վիճակ կստեղծեն Ռուսաստանի համար։