Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը և նրա գաղափարակիցներն այսօր Կենտրոնի դատարանում հանդես եկան հայտարարությամբ՝ օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ: Շանթ Հարությունյանը կոչ արեց չգնալ զիջումների:
«Կա Եվրոպա, կա Ամերիկա, կա քաղաքակիրթ աշխարհ, էդ հարցերը պետք է լուծվի էնտեղ, ու թող իմանա՝ որևէ ռուսական որոշում չի ընդունվելու»,- ասաց Հարությունյանը։
Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Ավետիս Ավետիսյանն էլ անընդունելի համարեց շփման գծում ռուսական ուժերի տեղակայման հարցի քննարկումը.- «Ռուսական զորքերը բերելու են մտցնեն, օկուպացնեն մեր երկիրը, օգնեն Ադրբեջանին, որպեսզի Արցախը իր կազմում ներքաշի»։
Նույն մեղադրանքով Ալեք Պողոսյանն էլ հորդորեց Հայաստանը չդարձնել ռուսական շահերի սպասարկման առարկա։
Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող մայոր Արմեն Հովհաննիսյանը նույնպես հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ.- «Մեզ պետք է ոչ թե ռուսաստանյան կողմնորոշում, մեզ պետք է ազգային քաղաքականություն, որն ուղղված է հայկական հողերի վերամիացմանը և հայկական պետականության վերածնմանը»։
Օսիպյանի անտեսված հրահանգը
Այսօր դատարանում ցուցմունք տվեց նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացրած քրեական հետախուզության աշխատակից Հարություն Ալեքսանյանը: Նա ասաց, թե նոյեմբերի 5-ին փայտով հարվածներից վնասվածքներ է ստացել: Անցած դատական նիստին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե ինքը քաղաքացիական հագուստով ոստիկաններին հրահանգել էր շփման մեջ չմտնել երթի մասնակիցների հետ, իսկ նրանց հետ առնչվելու դեպքում ներկայանալ: Մեղադրյալ Վարդան Վարդանյանը ճշտեց՝ ինչո՞ւ է շփման մեջ մտել հիմա ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացիների հետ:
«Պահանջը խախտել եմ, նկատել եմ, որ նշված տղամարդը ոստիկանի է հարվածում»,- ասաց Ալեքսանյանը։
Իսկ ինչո՞ւ չի ներկայացել, որ ոստիկան է. ասաց՝ «տվյալ պահին դրանից ավելի հնարավոր չէր»։
Ըստ տուժող ոստիկանի՝ նոյեմբերի 5-ին փայտով իրեն հարվածել է 19-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը: Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդեց հրապարակել տեսագրությունները և տուժող ոստիկանին հնարավորություն տալ, որ նա մատնանշի այն կադրերը, որոնք կարող են ապացուցել սույն ոստիկանի պնդումը: Դատարանը, սակայն, ի տարբերություն նմանատիպ նախորդ դեպքերի, այս անգամ զերծ մնաց տեսանյութի հավելյալ հետազոտումից:
Հարց ուղղեց Շանթ Հարությունյանը՝ փորձելով ճշտել, թե ի՞նչ վտանգ էր ներկայացնում հիմա ամբաստանյալի աթոռին նստած Վահե Մկրտչյանը։
Դատավորը հանում էր հարցերի զգալի մասը։
Քրեական հետախուզության աշխատակից տուժող Էդգար Ալեքսանյանն իր ցուցմունքում նշեց, թե նոյեմբերի 5-ին տեսել է նրանից առաջ ցուցմունք տված Հարություն Ալեքսանյանին: Սակայն Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նկատեց, որ այս երկու ոստիկանների ցուցմունքները հակասում են․ Հարություն Ալեքսանյանն ասել էր, թե միայն ինքն է եղել քաղաքացիական հագուստով ոստիկան: Ցուցմունքների տարբերությունը որևէ կերպ չկարողացավ բացատրել տուժող Էդգար Ալեքսանյանը:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաև վկա Արտավազդ Անտոնյանը: Նա պատմեց, որ նոյեմբերի 5-ին ոստիկանները հարվածում էին քաղաքացիներին, լրագրողներին, իսկ ինքը Առաջին հիվանդանոցում բուժման նպատակով անցնելիս է եղել այդ կողմերով և հայտնվել դեպքերի կիզակետում, իրեն էլ են ոստիկանները քաշքշել, բերման են ենթարկել բաժին, ընթացքում արյան ճնշումը կտրուկ բարձրացել է: Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանի հարցերին ի պատասխան հաստատեց, որ ոստիկանները թույլ չեն տվել նրան ժամանակին բուժօգնություն ցույց տալ:
Ցուցմունք տվեց նաև նոյեմբերի 5-ի դեպքերին մասնակից, քաղաքացիական շարժումներից հայտնի Կարեն Հարությունյանը: Նա ասաց՝ իր գլխին փորձել են գործ սարքել ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածով, բայց ինքը հրաժարվել է ցուցմունք տալ, պատմեց, թե ինչպես էին ոստիկանները սադրում:
Սադրանքների մասին վկայեց նաև վկա Վահագն Մինասյանը: Նա պատասխանեց փաստաբանի հարցին, թե տեսե՞լ է, որ քաղաքացիական հագուստով որևէ ոստիկան ներկայանար.- «Բնականաբար, ոչ։ Իմ խորին համոզմամբ, նրանք հենց ներդրված էին սադրելու համար»։
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 8-ին: