Մատչելիության հղումներ

Շանթի դատ. ոստիկանները պատմեցին արցունքների, հալված կոշիկների մասին


Շանթի դատ. ոստիկանները պատմեցին արցունքների, հալված կոշիկների մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00

Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղաքացիների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ևս 6 տուժող ոստիկան պատմեց նոյեմբերի 5-ին քաղաքացիների հետ քաշքշուկի մեջ ներգրավվելուց հետո արցունքոտված աչքերի մասին։

Պարեկապահակային ծառայությունից Ազիզ Միրզոյանից բացի արցունքների մրմուռի մասին խոսեց նաև տուժող ոստիկան Ռազմիկ Խալաֆյանը։

Տուժող ոստիկան Ռազմիկ Խալաֆյանն ասաց, թե բերման է ենթարկել երկու քաղաքացու: Պարզվեց՝ մեկը Տիգրան Պետրոսյանն է եղել: Դահլիճում ներկաներին հետաքրքրեց՝ իսկ մյո՞ւսն ով է եղել: Ոստիկանն ասաց՝ չգիտի: Ոստիկանների նկատմամբ բռնության զուգորդմամբ խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացիները հայացքով սկսեցին որոնել՝ կարո՞ղ է մյուս բերման ենթարկվածն այս կողմերում է: Լսվեց կատակ՝ միգուցե դատախա՞զն է եղել:

Տուժող ոստիկան Ազատ Հովսեփյանն ասաց, որ պայթուցիկների հետևանքով շնչառությունն է դժվարացել, աչքերն էլ՝ մրմռացել:

Ոստիկանության ավագ, տուժող Հարություն Գրիգորյանը բողոքեց, որ նոյեմբերի 5-ին իր կոշիկներն ու տաբատի փողքերն են այրվել պայթուցիկների պայթյունից:

Ոստիկանը, պատասխանելով Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցերին, մանրամասն դրվագների վերաբերյալ հրաժարվեց հստակեցումներ անել, փոխարենը վկայակոչեց նախաքննական իր ցուցմունքը։

Ոստիկանի նկատմամբ բռնության զուգորդմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Հայկ Հարությունյանը հարցրեց՝ ովքե՞ր էին հայհոյում նոյեմբերի 5-ին: Ոստիկանն ասաց՝ ամբաստանյալներից որևէ մեկը չի հայհոյել:

Հարց՝ Հռոմի պապի մասին

Տուժող ոստիկաններն այսօր էլ պատմեցին, որ գետնին ընկած քաղաքացիական հագուստով անձն ասում էր՝ մի խփեք, ոստիկան եմ: Նախկին զինվորական, խուլիգանության մեջ մեղադրվող Վարդան Վարդանյանը հեգնեց.- «Հիմա որ ինքը ասեր՝ Հռոմի պապն է, խաչակնքելո՞ւ էիր»։

Միտում

Տուժող ոստիկան Արթուր Վարդգեսյանին հարց ուղղեց ոստիկանի նկատմամբ բռնության զուգորդմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Սևակ Մնացականյանը, թե արդյոք իրեն վնասելու միտում տեսե՞լ է։

«Միտում չի եղել կոնկրետ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելը, ձեր միտումը այն է եղել, որ ձեր ընկերոջ հետ ուզում էիք ազատեք ազատվեիք՝ ոստիկաններին հրելով ու քաշքշելով»,- ասաց ոստիկանը։

Ծեծ

Տուժող ոստիկան Արա Մարտիրոսյանն, ի պատասխան բնակավայրից չհեռանալու ստորագրություն տված Միսակ Առաքելյանի հարցին, ասաց, որ ինքն է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին բերման ենթարկել: Ասաց, թե չի ծեծել Շահենին տաքսիով բերման ենթարկելիս:

Շահենը, մինչդեռ ի պատասխան հոր հարցի, գլխի շարժումով հասկացրեց, որ ծեծել է: Ընդիմջանն «Ազատության» հետ զրույցում Շահեն Հարությունյանը վերահաստատեց, որ ոստիկաններն իրեն բերման ենթարկելիս թվային լուսանկարչական ապարատը վերցրել են: Բայց տուժող ոստիկանը մինչ այդ հերքում էր դա ևս:

Քաղաքական հայտարարություններ

Շանթ Հարությունյանն այսօր էլ հանդես եկավ քաղաքական հայտարարություններով.- «Որքան ուժգնանում են Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա, այնքան բացահայտ ու լկտիորեն են գործում ռուսական ԿԳԲ-ի գործակալ հայրենի դավաճանները Հայաստանում»։

Այսօր 26 տարեկան դարձած, խուլիգանության մեջ մեղադրվող Ավետիս Ավետիսյանը դիմեց Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով սթափվել, «այլապես վաղը շատ ուշ կլինի»։

Խուլիգանության մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանն էլ դիմեց մեղադրողին՝ պնդելով, որ բանտարկությունը չի փոխի իր և ընկերների գաղափարները։

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 1-ին:

XS
SM
MD
LG