Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանը խիստ քննադատեց այն տեսակետների հեղինակներին, ըստ որոնց՝ Ռուսաստանը որքան էլ Հայաստանի շահերից չբխող գործողություններ կատարի, այլընտրանք չունի․ - «Հայտարարում եմ, որ սա սին ու փուչ տեսակետ է: Միայն նյութապաշտ ու վախկոտ հասարակություններ են այլընտրանք փնտրում նյութականի միջոցով», - ասաց Հարությունյանը:
Ոստիկանին դիմադրելով՝ խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը նախազգուշացրեց, թե ուր կարելի է հասնել Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունք ունենալով․ - «Ովքեր այսօր ընդունում են, որ Ռուսաստանը ոտնահարում է Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց գտնում են, որ այլընտրանք չկա Ռուսաստանին, վաղն էլ ասելու են թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ՝ Ադրբեջանին՝ զիջումների հարցում: Քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել առևտրականի ու վաճառականի հոգեբանությամբ ղեկավարներից, միշտ էլ այլընտրանք չի գտնելու ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև արտագաղթին ու սեփական հայրենիքում թշվառ կյանքին»:
Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Ալեք Պողոսյանը, նոյեմբերի 5-ի դեպքերի շարժառիթը ներկայացնելով, քննադատեց իշխանության գործելաոճը․ - «Մենք դուրս ենք եկել փողոց նոյեմբերի 5-ին, որովհետև մենք գիտակցել ենք, որ այս տիպի իշխանությունների վարած անարժեհամակարգ քաղաքականությունը Ռուսաստանից Եվրոպա վազելը, Եվրոպայից Ամերիկա վազելը, երբ նույն տիպի վազում էինք 1920 թվականին, մենք ունենք փորձը, իշխանությունները զգալով մեր ասելիքի վտանգը, հրահրեցին այդ ընդհարումը և մեզ բանտարկեցին՝ փակելով մեր բերանները, այսպես ասած»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Հայկ Հարությունյանը․ - «Ուրեմն՝ Գալուստ Սահակյանը մի անգամ մի հատ արտահայտություն արեց, երբ հարցրեցին իրեն ՀՀԿ-ն ե՞րբ իշխանությունից կհեռանա, ինքը ասեց` երբ որ Փոքր Մհերը ժայռից դուրս գա: Դե հիմի անալիզ արեք ու ամեն մեկդ ձեր ներսի Փոքր Մհերին արթնացրեք: Երկիրը փրկելու կարճ ժամանակ ա մնացել»:
Վահե Մկրտչյանն ասաց, որ իշխանությունն իրեն և ընկերներին մեղադրում է խուլիգանության մեջ, իսկ ինքն իշխանությանը՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ․ - «Մենք տենց ենք գտել, ես՝ ինքս, որ իմ քայլերով պիտի կանխեմ էդ ամեն ինչը, որովհետև ես էս երկրի քաղաքացին եմ: Էնքան կհասնի, ոնց որ 1915 թվին, մարդիկ էն ամենավերջին պահին ինչ-որ մի բան վերցնում էին ձեռքները, ինքնապաշտպանվում էին: Ես ինքնապաշտպանվել եմ ու պաշտպանել եմ իմ երկիրը»:
Այսպես է Ավետիս Ավետիսյանը գնահատում Հայաստանի քաղաքացիների պահվածքը․ - «Մասնավորապես հայ տղամարդը էսօր վախկոտ ա դարձել լրիվ: Թե տղամարդկություն կա, մի քիչ տեր եղեք ձեր թասիբին»:
Սևակ Մնացականյանն անդրադարձավ ընդդիմությանը․ - «Ավեի շուտ առյուծն ու վագրը կդառնան բուսակեր, քան նախկին իշխանավորը, իշխանությունից վտարված անձը կդառնա անձնական շահ չհետապնդող ընդդիմադիր»:
Նախկին զինվորական Վարդան Վարդանյանն իրենց դատելու վերաբերյալ ասաց․ - «Էսօր իրականում մեզ չեն դատում, էսօր էս դահլիճում դատվում ա հայ ժողովրդի ըմբոստ ոգին, էն փշրանքները էդ ոգու, որը մնաց մարտի 1-ից հետո»:
Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք Պաշտպանության նախարարությունում իրենք իրենց հարցնում են, թե ինչն է պատճառը, որ երկու սպա է մասնակցել նոյեմբերի 5-ի դեպքերին՝ ինքը և Արմեն Հովհաննիսյանը: Վարդան Վարդանյանը Պաշտպանության նախարարությունից մարդկանց հրավիրեց իր մոտ՝ պատճառները մանրամասն բացատրելու: Նախկին զինվորականը նաև դժգոհեց տուժող համարվող ոստիկաններից․- «Ու էս ոստիկանները իրանք իրանց խայտառակում են․ աչքը մրմռացել ա, տուժող ա: Իմ աչքն էլ ա մրմռացել, ես էլ եմ տուժող, ինձ էլ տուժող ճանաչեք էդ դեպքում»:
Տուժող ոստիկաններից այսօր ցուցմունք տվեցին երեքը: Նրանց աչքերը մրմռացել են նոյեմբերի 5-ին: Էվրիկ Լոնսկին ասաց, թե անգամ մի քիչ հազացել է ծխից:
Ոստիկանին դիմադրելով խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի հարցերից պարզվեց, որ տուժող ոստիկանների աչքերն այնքան չեն մրմռացել, որ դիմեին բժշկի, բայց նրանք տուժող են ճանաչվել:
Այսօր ցուցմունք տված պարեկապահակային ծառայության հրամանատար, տուժող ճանաչված գնդապետ Խաչատուր Ավետիսյանը տվեց այնպիսի ցուցմունք, որը մեղադրվող կողմի պնդմամբ՝ հակասում է ավելի վաղ տուժողի կարգավիճակով ցուցմունք տված «Հրեշտակների գնդի» (ՊՊԾ-ի հատուկ գումարտակի) հրամանատար Գեղամ Խաչատրյանի պնդումներին:
Խաչատուր Ավետիսյանն ասաց, թե երբ Շանթ Հարությունյանը փողոցի կողմ էր գնում, ինքը հրահանգել է թույլ չտալ, որ նա մտնի փողոց, սակայն «Հրեշտակների գնդի» հրամանատար Գեղամ Խաչատրյանն ավելի վաղ դատարանում հայտարարել էր, թե որևէ հրահանգ չի եղել՝ Շանթ Հարությունյանի մուտքը փողոց կասեցնելու վերաբերյալ: Այս հակասությունը պարզվեց Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցերից․- «Դուք եք Խաչատրյանին նման հրահանգ տվել, բայց Խաչատրյանը դատարանում հարցաքննվելիս նշեց, որ ոչ մեկի կողմից նման հրահանգ չի ստացել: Ի՞նչ կարող եք ասել այս մասին»:
«Չեմ կարող ասել», - պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 30-ին: