Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը վրդովվեց ոստիկանի «սուտ ցուցմունքից»


Շանթ Հարությունյանը վրդովվեց ոստիկանի «Սուտ ցուցմունքից»
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Շանթ Հարությունյանը վրդովվեց ոստիկանի «Սուտ ցուցմունքից»

Այսօր «Նոյեմբերի 5»-ի գործով հերթական դատական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանը իր վրդովմունքը հայտնեց վկա ոստիկան Արտակ Ավետիսյանի ցուցմունքի վերաբերյալ:

Շանթ Հարությունյանին հունից հանեց վկա ոստիկանի ցուցմունքը, թե ինքը տեսել է՝ ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը մահակով հարվածներ ստանալու ժամանակ բղավում, թե ինքը ոստիկան է:

Քաղաքական պայքարից հետո ոստիկանի նկատմամբ բռնության զուգորդման խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը ոտքի կանգնելով՝ ոստիկանին հարցրեց․ - «Դու գիտես չէ՞ սուտ խոսալն ինչ ա, գիտես չէ՞»։

Դատավորի կարգադրությամբ ոստիկանները հեռացրեցին Շանթ Հարությունյանին դատարանի դահլիճից, հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:

«Ոստիկանների ցուցմունքներն ու տեսագրությունները»

Պաշտպան Արա Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լիովին հասկանում է Շանթի վրդովմունքը։

«Ինչքա՞ն կարելի է, որ ոստիկանը գա դատարանի դահլիճ և բացահայտ սուտ ասի. ոչ մի տեսագրության մեջ չկա ձայնագրություն այն մասին, որ այդ անձն ասում է՝ «ես ոստիկան եմ»։ Ինչպե՞ս կարող է տեսախցիկն այդ հարցը չձայնագրի, բայց շատ ավելի հեռու կանգնած անձինք այս ամբողջը լսեն։ Սա խոսում է մի բանի մասին, որ ոստիկանները նախապես պատրաստվում են և գալիս են դատարանում ակնհայտ սուտ են ասում»,- ասաց Հարությունյանի պաշտպանը։

Ըստ Արա Զաքարյանի՝ ստացվում է՝ ոստիկանները պատրաստ են ցանկացած ցուցմունք տալ, որը կթելադրի համակարգը:

Ընդմիջումից հետո Շանթը կրկին դահլիճում էր, նույն ոստիկանին կրկին հարց ուղղեց. - «Դուք ասացիք, որ երեք հոգի խփում էին, դուք էլ էդ մարդուն փրկեցիք, նենց հերոսաբար, երեք հոգու միջից տարաք, դրա համար եմ ասում, կարողա՞ դուք ավելի շատ ձեզ ձեր երազած տղու տեղն եք դրել, դուք հիշո՞ւմ եք, որ ես ասացի՝ թողեք թող տանեն, Շանթն եմ ես, ներկայանամ»։

Ոստիկանն էլ պատասխանեց, թե չի լսել։

6-րդ վարչության աշխատակիցը «կողքով է անցել»

Ներկաների գնահատմամբ՝ այսօր դատարանում ցուցմունք տված մեկուկես տասնյակ վկա ոստիկանների մի մասը, դատական նիստին անգիր արած ցուցմունքներ էին տալիս մանրամասն հարցերին ի պատասխան՝ որևէ հստակեցում չանելով:

Իսկ մյուս մասի ցուցմունքները լսելով՝ դատարանի դահլիճում ներկաները փորձում էին հասկանալ՝ ինչու՞ են այդ ոստիկանները վկա ճանաչվել, օրինակ՝ 6-րդ վարչության աշխատակից վկան ասաց՝ «ընդամենը մեքենայով անցնելիս է եղել այդ կողմերով»:

Ոստիկանի նկատմամբ բռնության զուգորդմամբ խուլիգանություն կատարելու և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզան Հովհաննիսյանը լսեց վկայի կարճ ցուցմունքը և հեգնանքով ասաց. - «Ներողություն, ես եմ վկան, ի՞նչ է պատահել»։

Ոստիկանը չէր հիշում՝ ումից է հրահանգ ստացել

Դահլիճը ծիծաղով լսեց նաև վկա ոստիկան Արման Դանիելյանի ցուցմունքը: Նա գիտեր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ խուլիգանության մեջ մեղադրվող Սևակ Մնացականյանի անգամ հայրանունը, բայց չգիտեր՝ ով է իրեն հրահանգել բերման ենթարկել Սևակ Մնացականյանին: Այս վկան չի ներկայացել Սևակին։

Բողոքի ակցիայից հետո ամբաստանյալի աթոռին հայտնված քաղաքացիների շարքից հնչեց գնահատական, թե սա ոչ թե դատավարություն է, այլ՝ կինո:

Ոստիկանի նկատմամբ բռնության զուգորդմամբ խուլիգանության մեջ մեղադրվող, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը դիմեց ոչինչ չհիշող վկա ոստիկանության ներկայացուցչին։

«Հիշո՞ւմ ես, քո ընկերներից որևէ մեկին, որը հիշում ա որևէ մեկին, որին մոտեցել ա։ Էլ ո՞նց հարց տամ»,- հարցրեց Վարդանյանը։

Ոստիկանության ներկայացուցիչն էլ պնդեց, թե ոչինչ չի հիշում։

«Ապրես, հարցեր չունեմ, նման դատավարությունները, նման, ասենք, վկաները, տուժողները, չգիտես որտեղից են ջոկում հատուկ մարդկանց, որոնք հիշողության լուրջ պրոբլեմներ ունեն, բայց, չգիտես ինչի, լավ հիշում են, թե իրենց ինչ են ասել, որ հիշի ընդեղ ասի անպայման»,- ասաց Վարդանյանը։

«Ամենամեծ ապտակը»

Վարդան Վարդանյանը նաև դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հարցնելով՝ «որտե՞ղ է, ի վերջո, Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի թվային տեսախցիկը, որը կորել է նոյեմբերի 5-ին բերման ենթարկվելուց հետո»։

«Ո՛չ իրեղեն ապացույցների մեջ կա, ո՛չ առգրավված իրերի մեջ կա, այսինքն ոստիկանները, բառացի, յուրացրել են դա, խի՞, նենց լավ կամերա՞ էր, ինչ-որ մեկը կարա յուրացնի՞, ես գտնում եմ, որ դա ամենամեծ ապտակն ա ոստիկանի հեղինակությանը»,- հայտարարեց Վարդանյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը:

XS
SM
MD
LG