Մատչելիության հղումներ

Կեսգիշերից հետո Տավուշի գյուղերը մոտ երեք ժամ կրակի տակ են եղել


Գյուղապետերի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է նաև խոշոր տրամաչափի զենքերից։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գրոհային ավիացիան օդ է բարձրացվել։ Ղարաբաղի ռազմական գերատեսչության խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ շփման գոտու երկարությամբ ավիացիան թռիչքներ է իրականցնում: Թռիչքների պատճառը, Հասրաթյանի խոսքով, ստեղծված օպերատիվ իրադրությունն է։ Այլ մանրամասներ նա հրաժարվեց հաղորդել:

Երեկ ժամը 23.00-ի հատվածում հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակումն է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտունու հատվածի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հակառակորդը մեկ զոհ և վիրավորներ տալով նահանջել է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան լուրը հաստատել է։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինծառայողը մահացել է «ճակատի գծում» ստացած հրազենային վիրավորումից, լրատվամիջոցը, սակայն, զինծառայողի վիրավորվելու հանգամանքները դեռևս չի հայտնում։

Նշված դիվերսիոն հարձակման պահին ադրբեջանական զինված ուժերը սկսել են ինտենսիվ գնդակոծել նաև Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերը. կեսգիշերից հետո գյուղերի բնակիչները մոտ երեք ժամ կրակի տակ են եղել։

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակել են նաև խոշոր տրամաչափի զենքերից։

«Մերոնք անմիջապես պատասխան կրակ են բացում, աչքները հանելու նպատակով, արդեն, նոր ձենները կտրում են»,- պատմեց գյուղապետը։

Վիրավորներ չկան, մինչդեռ, Ավալյանը նշում է, որ բազմաթիվ տանիքներ և պատուհաններ են վնասվել։

Ադրբեջանական կողմը կրակոցները դադարեցրել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ հայկական կողմը կրակոցներին միանգամից է արձագանքել և արժանի հակահարված տվել։

«Գիշերը 11-ին կրակոցները սկսել են ադրբեջանական կողմից։ Գիշերը մինչև 2։30 մեր դիրքապահների՝ հակահարված տալուց հետո լռել են։ Մերոնք լավ էլ տեղին էլ կազմակերպել են լրիվ աշխատանքները»,- փոխանցեց Այդինյանը։

Գյուղապետերը փաստում են, որ վերջին օրերին հակառակորդը գյուղերի ուղղությամբ նույն ինտենսիվությամբ է կրակում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունը հաստատում է։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հակառակորդը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով, հայկական ուժերը պատասխանում են միայն դիպուկ կրակոցներին։

«Ընդհանուր առմամբ նույնն է՝ լարվածությունը պահպանվում է, իրավիճակը վերահսկվում է և վիրավորներ, բարեբախտաբար, չունենք», - նշեց նա:

Ընդհանուր առմամբ երեկ գիշերը և այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը։ Միայն ղարաբաղյան ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ և արձակել ավելի քան 7000 կրակոց։ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են, իսկ հայ դիրքապահները շարունակում են վերահսկել իրավիճակը առաջնագծում։

Ի դեպ, այսօր ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Աղդամ է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ Ղարաբաղ էր այցելել, նա այնտեղից քիչ առաջ է վերադարձել։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախարարը Ղարաբաղում մի շարք հանդիպումներ է ունեցել։

«Պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում այցելել էր պաշտպանության բանակ, նախևառաջ հանդիպում է ունեցել Ղարաբաղի նախագահի հետ և քննարկել է սահմանագոտու իրավիճակը: Տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարարը», - մանրամասնեց նա:

XS
SM
MD
LG